Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/638

Այս էջը հաստատված է

դրված է Այլ խմբագրումներ բաժնում, նրա մեջ կատարված մասնավոր ճշգրտումները նշված են համապատասխան ծանոթագրության մեջ։

«Խոնարհ աղջիկը» Բակունցը գրել է 1926 թվականին։ Այն գրելու ազդակ է հանդիսացել նույն թվականի գարնանը հեղինակի կատարած այցելությունը Սիսիանի շրջանի Լոր գյուղը։

Հողժողկոմատի գործուղմամբ հողային վեճեր կարգավորելու համար Լոր և հարևան գյուղեր Բակունցի կատարած այդ ուղևորության մի արդյունքն էլ եղել է «Ծիրանի տափ» (տե՛ս ծանոթագրությունը) և «Խոնարհ աղջիկ» պատմվածքների ստեղծումը։ Այդ ուղևորությունը առիթ է տվել, որ հեղինակի հիշողության մեջ կենդանանան 10 տարի առաջ Լոր գյուղում նրա անցկացրած ամիսները։

Գեղարվեստական երկեր տարբեր եղելությունների օգտագործմամբ ստեղծելը առհասարակ բնորոշ է Բակունց արվեստագետին։ Ընդ որում, այդ օգտագործումը տարբեր չափեր է ունեցել։ «Խոնարհ աղջիկը» հետաքրքրական է նրանով, որ ամբողջովին, եթե կարելի է ասել, գեղարվեստականացված փաստագրություն է։ Գրեթե բոլոր գործող անձինք, բոլոր վայրերը, ժամանակը իրական են, ավելի ճիշտ՝ իրականից են պատկերված։ Մի գլխավոր հերոսը՝ գյուղի ուսուցիչը ինքը՝ Բակունցն է, որ Լորում յոթ ամիս ուսուցիչ է աշխատել (1915—1916 ուս. տարում )։

Պատմվածքում Լոր գյուղը նկարագրված է ճշգրտությամբ. «Դպրոցը գյուղի ծայրին էր, բլրակի վրա: Հին գերեզմանատունը դպրոցի բակն էր»,— սա լիովին համապատասխանում է իրականությանը։ Ճիշտ է արված դեպի գյուղ իջնող ճանապարհի նկարագրությունը (Գորիսից Լոր տանող հին ճանապարհը), իրականին համապատասխան է պատմվածքում նկարագրված այն տան դիրքը, ուր ապրել է հեղինակը և այլն։ Հիմնականում ճիշտ են ներկայացված հեղինակի՝ առաջին անգամ Լոր գնալու ժամանակն ու հանգամանքները: Կա միայն մի փոքր շեղում։ Պատմվածքում կարդում ենք, «Այս կածանով տասներկու տարի առաջ գնացի Ձորագյուղ» կամ՝ «— Հետո տասներկու տարի.... Եվ ի՜նչ տարիներ: Կռիվ, քաղց...»։ Իրականում Բակունցը առաջին անգամ Լոր է գնացել 1915 թ. ուշ աշնանը, նոյեմբերի մեջ, իսկ հողժողկոմատի կողմից հողային վեճի առիթով այդ գյուղն է գործուղվել 1926 թ. գարնանը, ուրեմն՝ անցել էր ոչ թե տասներկու տարի, այլ առավելագույնը՝ տաս ու կես: Պատմվածքը գրելու ստույգ ժամանակը հայտնի չէ։ Գուցե այն գրվել է 1926-ի վերջում կամ, նույնիսկ, 1927-ի ամենասկզբին: Այդ դեպքում, պատմվածքի մեջ իրողությունից կատարված ժամանակային շեղումը ավելի փոքր է դառնում: «Հենց այդ օրը բանտից նոր էի դուրս եկել»,— շարունակում է հեղինակը: Սա նույնպես մոտ է իրողության: Բակունցը՝ 1915 թ. ամռանն ու աշնանը Գորիսի քաղաքապետ Մատթեոս բեյի հետ ունեցած անախորժությունների պատճառով կալանավորվում է և 34 օր մնում բանտում։ Ազատվելով՝ նշանակվում է Գորիսին շատ մոտ գտնվող մի գյուղում ուսուցիչ, բայց գերադասում է գնալ ավելի հեռավոր գյուղ՝ Գորիսից հեռու գտնվելու նպատակով: Ուստի Լորում աշխատելու առաջարկն ընդունում է սիրով և անհապաղ մեկնում: