Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/640

Այս էջը հաստատված է

ընդհանրապես նկատելի երանգ, թերևս, քնքշություն է հաղորդում ամբողջ պատմվածքին, սկսած վերնագրից։

«Խոնարհ աղջկա» մեջ փաստերից հեղինակի կատարած մյուս էական շեղումը ցույց տալու համար անհրաժեշտ է երկու խոսք ասել իրական Խոնարհի մասին։ Խոնարհի հայրը՝ Սուքիասը ունեցել է հինգ զավակ՝ երկու որդի, երեք դուստր։ Խոնարհը եղել է երրորդը, ծնվել է 1899-ին, այսինքն՝ Լորում Բակունցի գտնվելու ժամանակ եղել է 16—17 տարեկան (պատմվածքում ասված է, որ Խոնարհը 15 տարեկան է. հավանական է, որ այդ կարծիքին է եղել հեղինակը, որ կարող էր և չիմանալ աղջկա ծննդյան ստույգ տարեթիվը):

Լորից Բակունցի հեռանալուց մեկ տարի հետո 1917-ին Խոնարհին հայրը ամուսնացնում է հարևան Շենթաղ գյուղից մի մարդու հետ, որը սակայն շուտով մահանում է։ Խոնարհը երկրորդ անգամ ամուսնացել է Դարաբաս գյուղից Սուլթան Անդրեասյանի հետ։ Ունեցել է երկու որդի, մահացել է 1926 թվականին, քսանյոթ տարեկան հասակում։ Սուլթանը նոր կին է բերում տուն։ Իսկ Խոնարհի որդիները զոհվում են Հայրենական պատերազմում: Լորում մեր եղած ժամանակ (1961 թ.) Խոնարհենց գերդաստանից ողջ էր միայն նրա մեծ եղբայրը՝ Դավիթը, մի բարեհամբույր անձնավորություն, որ մինչև վերջերս, որպես որմնադիր, աշխատում էր Լորում։

Այժմ շեղման մասին. դա տեղ է գտել պատմվածքի վերջավորության մեջ։

«Գիտե՞ս, ես Խոնարհին տեսա», — ընկերոջն ասում է նախկին ուսուցիչը և պատմում, թե ինչպես է «Վերին գյուղում» հանդիպել Խոնարհին. «...ինձ մոտեցավ մի կին, ցնցոտիների մեջ, ոտքերը բոբիկ, ոտքերի կաշին ճաքճքած։ Կնոջ փեշերից կախվել էին երեք կիսամերկ երեխա։ Նրանք մերթ ինձ էին նայում, մերթ մորը։ Կինն արցունքն աչքերին չորս փութ ցորեն էր խնդրում, մինչև հունձը:

— Հետո մի ճար կլինի,— ասաց։

Ամուսինն անցյալ տարի էր մեռել: Ժանտախտից սատկել էր նրանց միակ կովը։ Իսկ տանն ուրիշ աշխատող չկար:

Ես ճանաչեցի Խոնարհին... Աչքերն էլի առաջվանն էին, բայց առանց փայլի։ Ես ճանաչեցի Խոնարհին։ Բայց չգիտեմ, նա ինձ ճանաչե՞ց, թե՝ ոչ»։

Պատմվածքում նախկին ուսուցիչը իր վերհուշը պատմում է այն ժամանակ, երբ ուղեկից ընկերոջ հետ արդեն վերադառնում էր Ձորագյուղից, այսինքն՝ Լորից։ Նա Խոնարհին կարող էր հանդիպած լինել հարևան գյուղում (որ պետք է Դարաբասը լինի): Այնտեղ, ինչպես ասվեց. Խոնարհը ամուսնացել էր երկրորդ անգամ: Թեև գիտենք, որ Խոնարհը մահացել է 1926-ին, բայց մահվան ստույգ ամիսն ու օրն անհայտ են. այդ թվականի գարնանը նա կարող էր դեռևս ողջ լինել։ Պատմվածքի սկզբնական տարբերակում (տպված «Խորհրդային Հայաստանում») կնոջ փեշերից կախված երեխաները երկուսն են, առաջին մշակումից հետո նրանք դառնում են երեքը։ Իրական Խոնարհը, ասացինք, որ երկու որդի է ունեցել, երրորդն ավելացրել է հեղինակը՝ իր հերոսուհու ճակատագրի դառնությունն ավելի շեշտելու և աղջիկ ու մայր Խոնարհների հակադրությունն ավելի սրելու նպատակով: Այս նույն նպատակով հեղինակի կողմից հնարված է նաև