Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/661

Այս էջը հաստատված է

Գրելու ստույգ թվականը հայտնի չէ, «Անձրևը» ժողովածվում այս երկի վերջում թվական չի դրված։ Բակունցի երկերի 1955 թ. հրատարակության մեջ «Հյումբաթի ձորի» վերջում կազմողի կողմից գրված է 1926 թ., որ ճիշտ պետք է լինի։

Բնականաբար, «Հյումրաթի ձորը» գրվել է նախքան 1926 թ. դեկտեմբերի 25-ը (այսինքն՝ նախքան հրապարակվելը)։ Առավել հավանական է թվում, որ այն գրված լինի 1926 թվականի աշնանը կամ դեկտեմբերի սկզբներին։ Երկի մեջ հեղինակն իրեն ներկայացնում է իբրև դրսից, կենտրոնից եկած, որ ուղեկիցների հետ շրջում է Գորիսի Շենում, ապա մասնակցում իր գալու առիթով գումարված ժողովին և այլն։ Նշանակում է, ակնարկը հեղինակը գրել է այն ժամանակ, երբ այլևս Գորիսում չէր բնակվում, այլ՝ Երևանում, այն է՝ 1926 թ. մարտից հետո: Երկում կա այսպիսի նախադասություն. «Գետի ափին կանայք ցորեն էին լվանում աշնան արևոտ մի օր, երբ երեք թաղն Էլ քարափից դիտելուց հետո, իջանք ձորը»: Նշանակում է այցը կատարվել է աշնանը. Դա կարող էր լինել միայն 1926 թվականի աշունը։ Երկը կարող էր գրվել կամ այցից անմիջապես հետո, կամ փոքր-ինչ ավելի ուշ։

«Հյումրաթի ձորը» ավելի շատ ակնարկի բնույթ ունի, քան՝ պատմվածքի։ Նկարագրված է Գորիսի Շենի (Կյորես գյուղի) մի թաղամասը (Շենի թաղամասերից երեքը ձորերում են եղել և այդպես էլ կոչվել են՝ ձոր), որը հեղինակն անվանում է Հյումրաթի ձոր. Մեր ջանքերը պարզելու համար, թե հինավուրց Շենի որ թաղամասն է այդ անունով կոչվել, արդյունք չտվին։ Գորիսում զրուցել ենք մի շարք տարեց մարդկանց հետ, հին կյորեսցիներ Դանիել Ղուկասյանի և Աթանաս Սարդարյանի հետ շրջել ենք ավերակ Շենում, Բակունցի տարբեր երկերում («Կյորես», «Բրուտի տղան», «Հյումբաթի ձորը» և այլն) նկարագրված շենը՝ իր բոլոր թաղերով ճիշտ-ճիշտ համապատասխանում էր մեր ուղեկիցների տված բացատրություններին. Գյունեյ թաղը, Միջին մահլան, մելիքների բերդը, ձիթհանքը (սրանոց), դեպի բրուտանոցները տանող ճանապարհը, բրուտների քարանձավները և առհասարակ Շենի բոլոր մասերը լիովին համընկնում են նրանց նկարագրություններին՝ տրված Բակունցի կողմից։

Մեր ուղեկիցները ցույց տվեցին անգամ Բակունցի նկարագրած մի շարք հին կյորեսցիների, այդ թվում նշանավոր Ցուլ Օհանի (Քյալա Օհան) և Գյուրջի Օբու ավերակ տները։ Սակայն Հյումրաթի ձոր անունով թաղամաս ոչ մի տարեց գորիսեցի չհիշեց։ Շենի այն թաղամասը, որ Բակունցն անվանում է Հյումբաթի ծոր, ըստ մեր վերոհիշյալ ուղեկիցների կոչվում է Շաքարամին ձոր կամ Քյալա Օհանի ձոր։ Նրան կից է Տոռոզի ձորը, որով և վերջանում է Շենը, Գորիսում կան նաև Դրնգանի (Դընգդընդանի), նույնիսկ Քյումբաթի ձորեր, բայց ոչ՝ Հյումբաթի։ Արդյոք սխալվե՞լ է հեղինակը կամ գուցե Քյումբաթ-ն է մի փոքր փոփոխած օգտագործել Շենի թաղերից մեկն անվանելու համար. Հնարավոր է։ Թեև չի կարելի լիովին բացառել, որ, այնուամենայնիվ, Բակունցի գործածած Հյումբաթի ձոր անվանումը իրական է և պարզապես մոռացված թեկուզ տարեց գորիսեցիների կողմից։