Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/664

Այս էջը հաստատված է

Գրողի վախճանից հետո պարբերական մամուլում պատմվածքի մի շարք հրապարակումներից կարելի է նշել հետևյալները` 1955 թ. «Սովետական գրականություն», № 4, 1959` «Ավանգարդ», № 48, 1960` «Սովետական Հայաստան» «Երևան», № 32,«Երևան» № 96։

«Անձրևը» ժողովածուի մեջ պատմվածքի վերջում թվական չկա։ Երկերի 1955 և 1964 թթ. հրատարակություններում պատմվածքի վերջում գրված է 1932, որ չի կարող լինել պատմվածքը գրելու ճիշտ թվականը թեկուզ այն պատճառով, որ երկն առաջին անգամ հրապարակվել է 1930 թ. հունվարին։

Պատմվածքում եղած նկարագրությունները ցույց են տալիս, որ հեղինակը Մաղդա գյուղում եղել է և իր հերոսի՝ Մուրոյի նախակերպարին հանդիպել ամռանը կամ աշնան սկզբին։ Դա պետք է լինի 1929 թ. ամառը կամ աշունը, ուստի երկը պետք է գրված լինի այդ ժամանակ կամ դրանից հետո մինչև հրապարակվելը։

Բակունցի այս պատմվածքը ևս իր նախապատմությունն ու նախակերպարն ունի։ Աշտարակի շրջանի լեռնային Մաղդա գյուղում (այժմ Լեռնաշեն) սասունցի վերաբնակիչներ են ապրում։ Մինչև վերջերս այնտեղ 38-րդ խորհտնտեսությունում աշխատում էր Գևորգ Ավետիսյան անունով մի սասունցի, որ և բակունցյան Մուրոյի նախակերպարն է, արտաքինով շատ նման նրան։ Գևորգը լավ հիշում էր հանդիպումը քաղաքից եկած երկու մարդկանց հետ։ Նա ծանոթ էր նաև Բակունցի պատմվածքին։ Դժգոհ էր, որ հեղինակը իր մասին գրել է, թե ոչ մի հարազատ չունի, քանի որ իրականում ունի եղբայր։ Բակունցը իրողությունից այս շեղումը, բնականաբար, կատարել է գեղարվեստական նկատառումով. որևէ հարազատ չունեցող արևմտահայ վերաբնակիչ հովիվը «Մուրոյի «զրուց»-ում ավելի տպավորիչ պետք է լիներ։

Գրողը փոխել է նաև իր նախակերպարի անունը՝ անվանելով նրան Մուրո, որ նույնպես գեղարվեստական նկատառումով է արված, այդ անունը ավելի «հովվական» է հնչում պատմվածքում և համապատասխան գունավորում տալիս։ Իրականում Բակունցն ունեցել է մի այլ ծանոթ հովիվ, քուրդ՝ Հակո Շամիլով, որին նաև Մուրո են ասել։ Այս մարդը առնչություն չունի «զրուց»-ի հետ, նրանից հեղինակը միայն Մուրո անունն է վերցրել և այդպես կոչել իր գրական հերոսին։ Դա, ի դեպ, պատճառ է դարձել, որ Հ. Շամիլովը նույնպես պնդի, թե Բակունցի Մուրոն ինքն է։ Մամուլում բակունցյան այդ հերոսի նախակերպարի վերաբերյալ մի քանի նյութեր են տպագրվել (հմմտ. «Ավանգարդ», 1960, № 117 և 1964, № 109)։

էջ 360, տող 5. Արազդայան — ավան և կայարան Հայկ. ՍՍՀ-ում, Նախիջևանի ԱՍՍՀ-ի սահմանի մոտ: Նույն անունով կոչվում է հարթավայրը: Այժմյան անունը՝ Երասխ։

Էջ 366, տողեր 11-12. Այզրի ջրհանը-խոսքը Այղր լճի ջրհան կայանի մասին է (Հոկտեմբերյանի շրջան):