Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/77

Այս էջը հաստատված է

Կալից ձիերը քաշում էին, հասնում այդ քարին, և ձիերը կանգնեցնում։ Ինքը բարձրացնում էր Սոնային ձիու վրա, հետո իր ձին նստում և գնում արտերը խուրձի։

Մի անգամ էլ Սոնան խնդրեց, որ միասին նստեն։ Ու մի ձին հետքից քաշեցին։ Առջևը Սոնան էր նստել, հետևում` ինքը։ Մի ձեռով սանձն էր պահում, մյուսով գրկել էր նրա բարակ մարմինը։ Աղջկա ծամերը քսվում էին նրա երեսին։

Իսկ մյուս առավոտը, երբ այդ քարին հասան, և ինքը առաջարկեց նորից միասին մի ձի նստեն, Սոնան հայտնեց, որ մայրը հանդիմանել է իրեն և 10 խստիվ պատվիրել առանձին նստելու։

― Ինչո՞ւ։

― Ամոթ է,― ասաց աղջիկը արդար ժպիտով։

Դիլան դային մոտեցավ մի դեզի, ձեռքը կոխեց խուրձերի մեջ և տաքություն զգաց։ Կեծացել էին խուրձերը, գիշերվա խոնավությունից հասկերը տմկել էին։

Երբ ծանոթ արտին հասավ, հենվեց կայծքարով հրացանին, միտք արեց։ Սոնան այստեղ մի ամառ քաղհան էր անում, կռանում էր ցորենների վրա, մատները փուշ էին մտնում։ Սոնան հնձվորի համար հաց էր բերում, քրտնում էր արևի տակ և քրտինքից շապիկը փակչում էր լանջին։

20 Լինե՜ր, այնպես լիներ, որ ինքը հնձվոր լիներ, նրանց արտը հնձեր, Սոնան հաց բերեր իրեն, շապիկը քրտներ և քրտնած նստեր կողքին։

Ետ նայեց Դիլան դային, եկած ճանապարհին նայեց։ Մարդ չկար. աշնան մերկ դաշտերն էին։ Ու միայն մասրենու կարմիր թփերն էին, և փայլուն մասուրները դեղնած տերևների արանքում։

Հանկարծ մի թփի ետևը լսվեց կաքավի ձայնը.

― Կա՛խ-կղա, շա՛խ-կղա...

Դիլան դային զգույշ քայլերով, կուզեկուզ մոտեցավ թփերին: Հնձած արտում կաքավները հավաքում էին ընկած հատիկները, կտցահարում թափված հասկերը։