Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/78

Այս էջը հաստատված է

Մեկը չէր, շատ էին։ Ցատկոտում էին, օրորում գեր մարմինները։ Գարնան երկու ճուտեր մի հասկի համար կռվում են` կտուց կտուցի։

Դիլան դային չոքեց, նշան բռնեց։ Մի գեր կաքավ սպիտակ վիզը ձգեց, սկսեց չորս կողմը նայել։ Մյուսները լռեցին, տապ արին ծղոտների մեջ։

Քամին խշխշացրեց թփերը, ինչպես Սոնան սիմինդրի երկար ցողունները... Ու խշշոցը կաքավներին հասավ թե չէ, իսկույն փռռալով մի քանի հանգույց արին օդում, իջան արև առած արտերի վրա։

Ճանապարհը շարունակեց։ Քանի գնում, թփերն ավելի էին շատանում, արտերի մեջ երևում էին հատուկենտ կաղնիներ` ծռված, կռացած, կայծակի խառնված։ 10 Ասես պահապաններ էին կանգնել անտառի և արտերի սահմանում։

Արահետը բարակում էր։ Վերջին արտերն էր կոխ տալիս։ Անտառից հովը փչեց նրա դեմքին, ռունգերն ագահորեն ծծեցին անտառի խոնավ ու զով օդը։


***

Անտառը ծանոթ էր նրան, գիտեր, թե որտեղ է սիրում բույն դնել ու կանչել միրհավը, մթին անտառների ոսկեփետուր թռչունը։

Անտառի մեջ մամռոտ ժայռեր կային, արջաբներ, քամուց ընկած դարավոր կաղնիներ, որոնց վրա սունկերը շատ էին ընկել։ Ծառերի կիսաչոր ճղները մամռոտել էին և կիսախավարի մեջ կարծես հետին որտքերի վրա բրդոտ արջեր էին կանգնած։

20 Ժայռերին չհասած` դիմացից լսվեց հրացանի պայթյուն։

Աղմուկից դրնգաց անտառը, դեղին տերևների ցողի խոշոր կաթիլները մետաղե ծանրությամբ ընկան խազալի վրա։ Մթնկա խորշում թպրտաց գիշերահավը։