Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/84

Այս էջը հաստատված է
Հ Ա Ն Ա Վ Ա Ն Ք

Նախարարն անցավ Քասախ գետի ափով և այնտեղ, ուր գետը խոր անդունդի մեջ վշշում է, պղտոր ալիքները զարկում ժայռերին, քերում ժայռերը, հունը և ավելի խոր թաղվում ժայռերի մեջ,— բարձր ժայռերի գլխով անցավ նախարարը և որոշեց կառուցել մի հոյակապ տաճար։

Գուցե այդպես չի եղել, գուցե եպիսկոպոս է անցել և ցանկացել Քասախի ափին տեսնել մի վանք, որ խոյանա տիրակալ քարափի գլխին, պատուհանները նայեն ձորին, գետի ալիքներին, փրփրոտ սահանքներին, և կամարների տակ դպիրները կարդան շարական ու սաղմոս, ծլնգան զանգերը, և վանահայրն աղոթքի մեջ մոռանա աշխարհը, նախարարի հարճին...

Հանավանքի քարերը չեն պատմում այդ մասին:

Բայց քարերի վրա գրեր կան այն մասին, որ Հանավանքը հնձաններ է ունեցել, խաղողի այգի, ձիթահան ու ջաղաց, որ իշխանները «հոգու փրկության» համար գյուղեր են նվիրել վանքին՝ արջառներով գեր, անտառներ՝ երեներով լի, գյուղեր և գյուղերում՝ հեթանոս ռամիկ Հանավանքի քարերի վրա հիշված է այդ մասին:

Քարափի գլխով նախարարը յոթերորդ դարում անցավ և երբ իր կամքը հայտնեց համհարզներին, նա չմտածեց, որ դարեր հետո միայն Քասախը պիտի մնա,