Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/85

Այս էջը հաստատված է

ժայռերը ձորի և շինականը ռամիկ, որ իր շալակով կրեց հսկա քարերը Հանավանքի:

Դարեր անցան, շինականը բազմացավ, և այնտեղ, որտեղ անտառներ կային, անտառներում երեներ, մնացին քարեր, փափուկ հողեր, որովհետև շինականին լավաշ հաց էր հարկավոր:

Ցամաքեց գետինը չբեր կնոջ արգանդի պես։ Առուներից հիշողություն մնաց և փոքրիկ ձորակներ, ձորակների մասին ավանդություն հին օրերից, թե կար ժամանակ, երբ ձորով փրփուր առուներ էին անցնում, անտառում պախրան կռանում էր՝ առվակից ջուր խմում։

Շինականը շատացավ, իշխանական անտառի ծառերը դարձան մարագի գերան, մարագները վառվեցին, բնակչությունը պահվեց քարանձավներում, և երբ արևը դարձյալ շողաց խաղաղ կամարի վրա, շինականը դուրս եկավ քարանձավից, ցորենը ծլեց փափուկ հողում, և գետնափոր տներում ձմռան ցուրտ գիշերներին շինականը դարձյալ շատացավ:

Երբ առուների ջուրը պակասեց, կացնահար եղան վերջին վազերը, թմբերը հավասարվեցին, հնձանները պարապ թողին: Անձրև եկավ, ձյուն ու քամի, անձրևը ծեծեց հնձանի պատերը, և հնձանները հավասարվեցին հողին, ինչպես խաղողի այգում թմբերը։

Հնձաններից էլ մնաց հիշողություն, ինչպես յոթերորդ դարու նախարարից:

Հանավանքի կտուրի վրա փշեր բուսան, փշերը հնադարյան կրաշաղախը ճեղքեցին, քարերը տեղահան արին, և ժաժքի մի գիշեր գմբեթը փլվեց, քարերն ընկան Քասախի մեջ, գետը փրփրաց և ծածկեց քարերը, որ դարեր առաջ շինականը պոկել էր, իր մեջքի վրա վերև բարձրացրել։

Լուսաբացին պառավ կանայք ավելի ջերմեռանդ համբուրեցին վանքի ծխից սևացած քարերը, այծերը մկկացին և ճարպիկ ոստյունով ընկած քարերի վրայով բարձրացան վանքի կտուրը, կտուրին բուսած թփերը կրծելու: