Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/86

Այս էջը հաստատված է

Տարիներ անցան։ Գյուղը տզի պես փակչել էր հայրենի հանդին։ Կուչ էր գալիս, երբ հարվածում էին, մտնում էր պատյանի մեջ, որպես խխունջ, երբ լորձունքոտ շոշափուկները դիպչում էին տհաճ իրի՝ խանի սարվազին, սինոդի տուրքին, պրիստավի կնուտին։

Կուչ եկած ապրում էր գյուղը Հանավանքի պարիսպների տակ, անջուր հողերում հաճար ցանում, հաճարի բլիթներ ուտում, լղար եզան աղբից հարդախառն աթար շինում, աթարը ծեփում ուրարտական պարիսպների քարերին և հեթանոս պապերի դագաղ-կարասներում պահում աղած վարունգ։

***

Հերու գարունքին, երբ Արայի լյառը փեշերից ձյուն էր հալում և լանջը մերկացնում, ձյունաջրի պղտոր առվակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախի ձորը, Հանավանքում մի շինական, որի պապերը յոթերորդ դարում շալակով քար էին կրել վանքի պատերի համար, Հանավանքից մի շինական հերու գարունքին աչքը դրեց վանքի պարիսպների միջև ընկած հողակտորի վրա։

Շինականը ման եկավ վանքի չորս կողմն ընկած քարերին, նայեց սրբատաշ քարերին և մտքում դրեց կալ ու մարագ շինել վանքի քարերից, հողակտորն էլ՝ բոստան։ Եվ երբ կռացավ նայեց ձորին՝ տեսնելու, թե ճամփա կա՞ ձորից կժերով ջուր առնելու ամռան շոգին կալվորի համար,— երբ նայեց ձորին, նա չիմացավ, որ յոթերորդ դարու նախարարն էլ այդտեղ, քարափի վրա ցանկացավ տեսնել վանքը կամարակապ, նա չիմացավ, որ վանահայրն այդ քարափից նայել է Քասախի պղտոր ալիքներին և կարոտել նախարարի հարճին, կարոտել և կարդացել սաղմոս։

Հով էր քարափի գլխին, շինականին հովը դուր եկավ։ Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ: Եվ ինչքան