Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/91

Այս էջը հաստատված է

անդաստանով, պատարագով լղարած կողերը ճարպակալում։

Դրմբոնում կա մի կին` Գյուլբահարն այրի, երկու որբատեր, տունը` մեկը քսան երդիկից, տեր Մարուքի քսան ծխից, — տունը գյուղի ծայրին։ Գյուլբահարը` մարդաթող, Գյուլբահարը` «գարնան ծաղիկ»։ Եթե ապրեր Թլկուրանցին Դրմբոնում, Գյուլբահարի համար երևի կասեր.

— Գենա բահար, այլվի բահար,
— Այլվի կուտան սիրո խաբար…

Թլկուրանցու փոխարեն տեր Մարուքն է մտքում ասում, թե ի՜նչ փափուկ միս ունի Գյուլբահարն այրի։ Ճարպոտում է տերտերը, եռում է արյունը երակներում, և զատկին մասունք տալիս նրա ձեռքը կամացուկ շոյում է Գյուլբահարի թշերը։

Մի տարի, երկու տարի։ Գյուլբահարն է տերտերի փոխնորդը լվանում, փարաջան կարկատում։ Փոխնորդը թևի տակ Գյուլբահարի մոտ գնալիս տերտերը մութին է սպասում, գիշերին` անլուսին։

Մեկ, երկու. հոգևոր հորդորը դառնում է մարմնավոր, և ամեն անգամ, Գյուլբահարի տնից վերադառնալիս, տեր Մարուքն ավելի ախորժով է սղալում միրուքը, մեջն սպիտակած, շրթունքները ծպպացնում։ Այդպես հանգստանում է ճանճը, սեղանի վրա մոռացված շաքարի կտորը լիզելուց հետո։

* * *

Մի օր էլ Դրմբոն կոմսոմոլ մի տղա եկավ, ասեց, խոսեց, դրմբոնցի ջահելները խմբով ճամփա դրին նրան։ Մյուս օրն արդեն կոմսոմոլը Դրմբոնում բջիջ ուներ։

Գյուղն առաջ էլ դժգոհ էր տեր Մարուքի Գյուլբահարի մոտ գնալուց։ Դժգոհությունը խուլ էր։ Դրմբոնը չէր հավատում, թե քահանան անդաստանից բացի Գյուլբահարի համն էլ գիտե։