Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/94

Այս էջը հաստատված է


— Բա էս քո տեղն ա՜, տերտեր,— ասաց և սկսեց պատերից կախված նկարներին նայել։

Դատարանի լուսավոր սենյակի պատերին խառնիխուռն նկարներ են փակցրած։ Ահա մի պլակատ՝ կաթնարտելի մասին, թևավոր մի ուղտ, օդի ոլորտում թռչում է, տակը տպած «Կորչի իմպերիալիստական պատերազմը»։ Այդպես տպել են, բայց «պատերազմի» վրան դատարանի ցրիչը փակցրել է «դատարանը» և ստացվել է «Կորչի իմպերիալիստական դատարանը»։

Դրմբոնցիք նայում էին պատի նախշերին, Մուխսին բոթում էր Յախշուն— տես, ինչ նախշուն կով ա էն...

Դատավորը մեղադրականը կարդաց, և երբ Յախշին ասաց, թե չհասկացանք, դատավորը բացատրեց, որ խորհուրդը մեղադրվում է ինքնագլուխ և ապօրինի բանտարկության համար: Մի կուժ սառ ջուր թափվեց Մուխսու գլխին, և նա շշմածի պես նայեց պատերին, դատավորին, կոշտացած մատներով փափախը ճմռթեց, ինքն իրեն հարցրեց, թե'

— Էս ո՞նց ա, տեր Մարուքը գեղի պատիվը թափեց, հիմա Յախշին ա մեղավո՞ր...

Եվ երբ դատավորը Յախշուն հարցրեց, թե մեղավոր է ճանաչում իրեն, Մուխսին առաջ ընկավ.

— Մեղավորը տերտերն ա...

Յախշին խոսեց, Մուխսին, դրմբոնցիք: Մեկն ասաց, թե գյուղի կանայք են դրղել, որ Գյուլբահարի գլխին այդ խաղն անեն, թե չէ`

— Մենք էլ կսովորենք նրանից։

Այդպես են ասել Դրմբոնի կանայքը:

— Գյուլբահարն ինչպիսի՞ կին է, վարքի կողմից մաքո՞ւր է, թե ոչ,— հարցնում է դատավորը:

Դրմբոնցի մեկը, արծվաքիթ, քթում խոսող, տեղից կանչում է`

— Գյուլբահարին իսկի կարողանո՞ւմ ենք պահել, ետ տալ էդ ճանապարհից: