Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/100

Այս էջը հաստատված է

գործն աջող էր անցել, ճամփի կեսին իջել էր և մի քիչ կոնծել, աղբի մեջ խաղացող իր փոքրիկին կանչում էր.

— Արի՛, բան տամ, արի՛…

Եվ երբ երեխան մոտենում էր, ձեռքը մեկնում, նա շատ քիչ անգամ էր բան տալիս. կամ ասում էր թե՝ «պա՜հ, մոռացել եմ, էզուց կտամ» կամ խաբում էր.

— Գնա, մորդ ասա, ջեբումն ա, մորդ ջեբումն ա։ — Բայց երեխան գիտեր, որ մոր գրպանում փալասի կտորներ կան, հին կոճակներ և մի հին մատնոց։ Եվ որովհետև գիտեր այդ, պռոշ էր անում, վերադառնում բակի աղբակույտում կիսատ թողած իր խաղին։

Այդպիսի երեկոյան տանը անպատճառ կռիվ պիտի լիներ։ Երեխան լացակումած մորն էր պատմում, թե հայրը ոչինչ չի բերել, և այդ առիթ էր լինում, որ կինը հարձակվի մարդու վրա, կանչի երեսին, բղավի։ Իսկ եթե այդ չլիներ առիթը, կինը հենց որ նրան քիթով տեսներ, ձիերի սանձերն արձակելիս, դռան շեմքից կկանչեր.

— Բերե՞լ ես…

— Ի՞նչը, ա՛յ կնիկ։

— Շաքարը, ի՜նչը։

Եվ սկսվում էր։ Հարձակվողը կինն էր լինում, ամեն անգամ նույն ձևով, նույն բառերով, նույն անեծքով, ասես սերտած դաս լիներ։ Մի քիչ որ կինը շունչ առներ, Գևոն ձայնը փորը գցած կասեր.

— Շաքար ա է՛լի, ըստեղից առ։ Էգուց քեզ կես մանեթ տամ, ա՛ռ։

Այդ խոսքը կնոջն ավելի էր զայրացնում, քանի որ նա գիտեր, թե վաղն ինչ է լինելու։ Պիտի ասի, որ ուղևորները քիչ տվին, հազիվ ձիերի գարի-դարմանին հերիք արեց։

Զայրույթի ամենաթունդ ժամին կինը ձեռքն ընկած իրը մի տեղից մյուսն էր շպրտում, ծալքատեղում դարսած անկողինը ձգում, թափում, նորից դարսում, ջրի կումի տեղը փոխում։ Միակ տուժողները երեխաներն էին, որոնք զայրույթի այդ ժամերին անակնկալ հարվածներ էին ստանում։

Դրա համար էլ երբ հայր ու մայր կռվեին, երեխաները կամ պահվում էին, կուչ եկած նստում, կամ բակ դուրս գալիս։