Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/102

Այս էջը հաստատված է

որոշել, թե նա ծույլ էր գլուխ լվալում, շոր փոխելում, թե ոչ գլուխ լվացող ուներ և ոչ էլ փոխնորդ։

Տարիների ընթացքում նա մերվել էր իր դրոգին, դարձել նրա անբաժան մասը։ Երբ հրապարակում կանգնած ուղևոր էր սպասում և գլուխը քաշ ննջում, հեռվից նայելիս այնպես էր թվում, թե Գևոն մի կապոց է, կամ ռեսոր, մի արկղ՝ մեջը լի երկաթի կտորտանք կամ թե և՛ կապոց, և՛ ռեսոր, և՛ արկղ։

Եթե ամեն օր ճամփորդներ ունենար, արաղի փողը կլիներ, ձիերին՝ գարի ու դարման։ Դրոգն այնքան կքշեր, մինչև կամ դրոգը շրջվեր կամուրջի վրա, կամ հարբած ժամանակ ընկներ անիվների տակ։ Այն ժամանակ նա քաղցած մնալու վտանգը չէր զգա, կմեռներ ճամփի փոշու մեջ, թեկուզ իր պառավ ձիերի սմբակների տակ։

Բայց այդպես չեղավ, ոչ դրոգը շրջվեց, ոչ էլ ինքը մնաց անիվների տակ։ Դրոգն էլի հրապարակում կանգնում էր, բայց առաջվա չափ ուղևորներ չկային։ Միկիտանչին էլ էր տեսնում Գևոյի անգործ մնալը, օղու շիշն առաջվա պես սրտաբաց չէր հանում դարակից։

Երբ Գևոն առաջին անգամ քաղաք տանող ճանապարհին մարդատար ավտոմոբիլ տեսավ, դրոգը քաշեց ճամփի մի կողմը և զարմացած նայեց արագ գլորվող անիվներին։ Ձիերը մի քիչ խրտնեցին, խլշեցին ականջները, մեկը ձգեց դրոգը մի կողմ, բայց ուժը չպատեց։ Ավտոմոբիլը հեռացավ, ձիերն ականջներն էլի կախեցին, դրոգն իր ճանապարհը շարունակեց։

3

Տարիներ անցան, և տարիների հետ ավտոմոբիլը շատացավ, Գևոն ռեզինե փափուկ կառքերից ավելի թշնամացավ ավտոմոբիլի հետ։

Երբ ճանապարհին Գևոն դրոգը մի կողմի էր պահում եկող ավտոմոբիլին տեղ տալու, որ անցնի, ուղևորներից ոմանք նկատում էին նրա բարկացած հայացքը և լսում թունդ հայհոյանքներ։

— Գևո՛, էն ա հա լազաթը,— ասում էին նրան։

— Ոչ թոզ կուլ տուր, ոչ էլ կողքաճաղդ ջարդի։