Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/111

Այս էջը սրբագրված է

ՀԻՆ ՏԱՆԸ

Իրիկվա դեմ հասա գյուղի մարագներին, աչքս ընկավ ճամփի տակի բոստանին, ուր ամեն տարի, Ավան ամի, կարտոֆիլ ես ցանում, սոխ ու սխտոր։ Բոստանի անկյունում, հին աղբի վրա կանեփ էր բուսել, խիտ եղեգնուտի պես։ Հավերն ամռան շոգին փախչում էին հավաբնից և կանեփուտում ձու ածում, երբեմն էլ թուխս նստում։ Նանին տնքտնքալով կանեփի ցողուններն էր դես ու դեն հրում, հավերին կանչում։ Հիմա նանին չկա, բայց կանեփուտի ստվերում հավերն առաջվա պես ննջում են։

Մոտեցա տան շեմքին։ Դու նստել էիր ստվերում, դանակով քերում էիր եզան կաշի։ Տեսար ինձ, ձեռքդ ճակատիդ դրիր, և երբ կաշին ձեռքիցդ վար ընկավ, զգացի, թե ինչքան չոր են շրթունքներդ, ինչպես եզան կաշու կտորներ։ Լեզուդ կարկամեց, չգիտեիր ի՞նչ հարցնես։

Եվ երբ կարկատած արխալուղի փեշերից թափ էիր տալիս քերած կաշու մազերը, որ մտքերդ հավաքես, աչքիս ընկավ ճակատիդ կնճիռները, սպիտակած մազերդ։ Մատերիդ երակները ուռած էին, ասես մեկը բարակ պարան էր փաթաթել մատերիդ։

Շատ ես ծերացել, Ավան ամի։ Եթե եզդ այդքան պառավեր, լուծը վիզը մաշեր, ատամները թափվեին ու էլ չկարողանար չոր հարդը որոճալ, իհարկե, ձեռքիդ դանակով կմորթեիր պառավ եզան, կաշին տրեխ կանեիր, միսը որպես մատաղ, հարևաններիդ կբաժանեիր։ Երբեք մտքովդ չի անցել ձեռքիդ դանակը կոկորդիդ տանելու, որովհետև գիտես, որ մի օր ընկնելու ես հասած տանձի պես, թաղելու են գյուղի գլխին,