Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/112

Այս էջը սրբագրված է

պապերիդ մոտ, որոնց գերեզմանների օրհնեքին հազար թաս օղի ես խմել։

Հարցրիր, թե ինչո՞ւ եմ եկել։ Մոռացել եմ պատասխանս. գուցե ոչինչ էլ չասացի։

— Շատ ես մնալո՞ւ,— հարցրիր։ Աչքերդ ջրակալեցին, Ավան ամի, երբ իմացար, որ վաղր գնալու եմ։ Եվ թեկուզ իսկույն ավելացրիր, թե քանի եմ տվել կոշիկներիս, բայց հասկացա, որ մտքինդ այդ չէր։

Կաշին ձեռքդ առար, քերում էիր և տրտնջում, որ մեր տունը ծիծեռնակի բուն է դարձել, ձագերը թև են առնում, ուրիշ երկրներ թռնում, և ձագերից ոչ մեկը մի շյուղ էլ չի բերում հին տունը կարկատելու։

— Դու գնացիր, Վահանն էլ գնաց, Սամսոնը, որ իսկի նամակ էլ չի գրում։ Էսպես ցրվել եք աշխարհքով մի։ Բա մեր տունը...

Քեզ ի՞նչ, թե Սամսոնը մեծ մարդ է, անվանի։ Կողքիդ լինեինք, մեկը մաճդ բռներ, մյուսը քեզ համար կալ կասեր։ Իհարկե, մազերդ այդքան շուտ չէին սպիտակի։ Բայց դու էլ գիտես, որ մեզնից ոչ ոք տուն չի գալու, թեկուզ երբեմն մտաբերում է նանուն, կանեփուտի հավերին, անտառը, չոր ցախի շալակները։

Ինձ այնպես թվաց, թե դու թևը ջարդած ծիծեռնակ ես, ընկել ես հայրենական բնում, մի ցուրտ զիջեր պիտի փետանաս, թևերդ փռես դատարկ բնի վրա։ Մահը քեզ թեթև կթվա՞, երբ հիշես, որ ձագերդ ուրիշ երկրներում են։ Ո՞ւմ պիտի տաս տան բանալիները, ժանգոտած, ծայրը ծուռ բանալիները, որ միշտ գոտուցդ կախ են։

Քաղաքի մասին հարցրիր։ Որքան նահապետական ես, Ավան ամի. ինչպես չծիծաղել խոսքիդ վրա, թե այն օրից, երբ հացը կշեռքի վրա դրին, աշխարհքից վերացավ լիությունն ու բարին։ Խոսքիդ վրա չծիծաղեցի, բայց պատասխան էլ չտվե: Ձայնդ ուրիշ աշխարհից էր գալիս, մտքերդ այնքան հին ու միամիտ, բայց չկա ասածդ, Ավան ամի, հիմա ուրիշ օրեր են, պատմեմ էլ չես հասկանա։

Քաղաքն առաջ էլ քեզ համար չարիքի որջ էր։ Աշխատում էիր ամեն ինչ քո ձեռքով անել։ Տանը քեզ համար կտավատի