Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/115

Այս էջը սրբագրված է

Առավոտյան տեսա Արսենին, կտուրի վրա հավաքվեցին գյուղացիք։ Հեղնար մորքուրր ինձ որ տեսավ, հեռվից թևերը լայն բաց արած, օրորվելով մոտեցավ, համբուրեց։

— Տես է՜, մի գոտկալ էլ չուն իմ, կապեմ...

Երբ որ Արսենը տնազ արեց Հեղնար մորքուրին, թե գոգնոցի համար է համբուրում, նեղացավ։

— Թող ողջ լինի, գոտկալ էլ չեմ ուզում...- Խոսք ընկավ թանկ ու էժանից, նավթից, բյաղի գներից, նալ ու մեխից։ Կռնատ Ալումը Վարշավայից հարցրեց։

— Բա ի՞նչ են ասում էն կողմերի կռիվներից...

Թեկուզ նա եղել է բանակում, լեհական անտառներում թևն է թողել, բայց Վարշավան չի տեսել։ Եվ երբ պատասխանեցի, որ Վարշավայի կողմերում կռիվներ չկան, կռնատ Ալումն իսկույն իր պատմությունը սկսեց գերմանական ռումբերի մասին, թե ինչպես էին մարդիկ կոտորվում։

Հողերից հարցրին։ Կռնատ Ալումը լռեց, տեսավ, որ լսող չունի. ինքն էլ ականջը կախեց հողի համար։ Դու էլ եկար, Ավան ամի, եղանիդ ծայրին մի խուրձ խոտ քաղած։ Երբ պատմում էի, թե ինչպես պիտի հողերը բաժանել, օրենքն ի՞նչ է ասում, դու դիմացինիդ ուսի վրայով մեկնել էիր վիզդ, աչքերդ չէիր հպում, լսում էիր բերանբաց, որովհետև խոսքը արտիդ ու բոստանիդ մասին էր։

Տանը նորից հարցրիր։ Տեսա, որ ամեն ինչ սրտովդ չի, ասածիս մեջ քեզ ընդդեմ խոսք կա։ Բայց դու չհակառակեցիր, թեկուզ մտքիդ մեջ համամիտ չէիր։ նույն օրն էլ հեռացա գյուղից։ Դու գրպաններս չոր մրգով լցրիր, ճիշտ առաջվա պես, երբ դպրոցում սովորող աշակերտներ էինք։ Հետո սոխի սերմ խնդրեցիր։

— Մեր գյուղինը լավը չի, գլուխ չի բռնում։ — Ութ համարի գերանդի ուզեցիր, արջանշանն էլ վրան։ Մի անդամ էլ տուն մտա, նայեցի օճորքին, սյունից կախած նանու գդալների կողովին։ Մի անդամ Սամսոնը կատուն գցեց գդալների կողովի մեջ. կատուն թռավ, կողովն ընկավ, փայտե մի գդալ ճաքեց, նանին շերեփով խփեց Սամսոնին։ Հին տանը ոչ նանի կա, ոչ Սամսոն։ Մեկը գյուղի գերեզմանատանն է թաղված, մյուսը