Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/128

Այս էջը սրբագրված է

գնա ընկերդ տես, Օվիսին, Օվիսին...»: Էդտեղ մի բան սրտումս տպվեց...

Ջավոն չուռ լսում էր։ Նստել էր օջախի մոտ, նայում էր որդուն, ընկերներին։ Նստած միտք էր անում, թե ինչի՞ցն է, որ այդքան սրտակից են դեպի Օվիսը, ասես բոլորն էլ մի տան տղաներ են։

Օվիսը աչքերը բաց արեց։

— Հը՞,— հարցրեց Մաթոսը։

— Քունս մի քիչ տարավ, հիմա լավ եմ...

Դուռը ճռռաց, ու շեմքին երևաց Զաքու կինը, կռան տակին ինչ֊որ կապոց։ Ջավոն տեղից վեր կացավ, աղջկանը ձայնեց, որ կարպետի վրա ներքնակ փռի և Զաքու կնոջը խնդրեց նստելու։

— Չէ', գնալու եմ...

Մոտեցավ Օվիսին։

— Ո՞նց ես. Բան չկա, կմեծանաս, կմոռանաս։

Ոչ ոք նրան պատասխան չտվեց, կինը տեսավ, թե ինչպես Օվիսը երեսը շրջեց, իսկ Մաթոսը նայեց մյուսներին, որոնց աչքերից ասես կայծեր էին թռչում։ Անհարմար դրությունից դուրս գալու համար, Զաքու կինն սկսեց պատմել, որ ամուսնու բնավորության մեջ այդպիսի մի «չար քամի» կա, բռնելիս ինքն էլ չի իմանում, թե ինչ է անում։

— Էգուց դատարանում էդ քամին կհանեն,— ասաց Մաթոսը։

Զաքու կինը պատասխանելու ոչինչ չգտավ, լռեց։ Մի քիչ հետո, կռան տակին կապած կապոցը բաց անելով, Զաքու կինը երկու պղնձե աման մեկնեց Ջավոյին։

— Ձագի մեղր ա, մեկ էլ կարագ։ Թող ուտի, սիրտը կառնի...

Ջավոն մոտեցավ, ամանները վերցրեց։ Ու հենց այդ ժամանակ Օվիսը տեղից թռավ, խլեց ամանները, դետնով տվավ։ Պղնձե կլոր ամանները զրնգոցով ֆռռացին սենյակում, բաց թողած հոլի պես։

— Գնա՛, գնա՛ ասա, որ Արաբաջու տան հացը հարամել ա. իմ արնադինը էս չի, ասա՛, էգուց կիմանա...

Զաքու կինը գլխիկոր դուրս եկավ։