Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/13

Այս էջը հաստատված է

Հայրենի երկրում Լուսնթագը կար, Աշոտի սիրած աղջիկը։ Շատ էր սիրում Աշոտը իր Լուսնթագին, ու ամեն անգամ, երբ իր հայրենիքի մելամաղձոտ երգերն էր երգում, իր երգերով սիրածի հետ էր խոսում, սիրածի գովքն էր անում և կարոտում, կարոտում։

— Ղուշ էղնեի թռչեի, կարոտս առնեի, էլ հետ գայի,— այսպես էր երգում Աշոտը։ Երբեմն էլ ակնապիշ նայում էր բարձր սարերին, որոնց ետևը հայրենի դուրանն էր, ուր ապրում էր Շիրակի աղջիկը՝ Լուսնթագը, խաժ աչքերով, հյուսերը` երկար, չինարու պես բոյով ու բարակ, և սիրող, գուրգուրող։

Աշոտը ինձ շատ էր սիրում, շատ բան էր պատմում, և ոչինչ չէր ծածկում… «Լուսնթագը հեռանալիս, ճամփի եզրին կանգնեց և թաշկինակը ճոճելով օդում մնաս բարև էր ասում ինձ…»,—այսպես էր վերջացնում Աշոտը իր պատմությունը նրա մասին։ Հիշում էր, թե ինչպես միասին արտը քաղհանի էին գնում, ինչպես աղբյուրի մոտ նստած իրար ջրով էին տալիս և խնդրում, ծիծաղում։ Հիշում էր, էն որ գարնանը, ծառի տակ առաջին անգամ համբուրեց Լուսնթագի նռան պես կարմիր շուրթերը։

Եվ ժամերով փորփորում էր Աշոտը իր հիշողությունները, հաճույք զգում, երբ անցյալն էր հիշում։ Աշոտը միայն մտածում էր, թե ինչպես անի, որ սիրածին մեկ էլ տեսնի։ Սպասում էր, որ մի քանի շաբթից հետո, վաշտապետից իրավունք խնդրի՝ տուն դառնալու։


Ու մի գիշեր մեր վաշտը հրաման ստացավ դուրս ելնել կռվի դաշտ։ Կես գիշերին, կազմ ու պատրաստ վաշտը ճամփա ընկավ քաղաքի լո՜ւռ, կիսամութ փողոցներով։

Լուսաբացին՝ առաջին համազարկի ձայներն եկան։ Ու կռիվը սկսվեց։

Մեզ հրամայված էր գրավել դիմացի լեռները, որոնք իշխում էին ամբողջ դաշտի վրա։

Թշնամին գիտեր մեր նպատակը, համառում էր և չէր ուզում թողնել այդ լեռները։

Գայլերի պես թնդանոթներն էին ոռնում և քերում հսկա