Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/142

Այս էջը սրբագրված է

տեսավ ջրի կուժերն ուսին երկու կանանց, որոնք աչքալույս էին տալիս Անտոնի մորը։

— Անտոնը եկել է,— մտածեց Տիտոսը, մոտեցավ, նրա մորը հարցրեց։ Ինչպես կոտրվեց Տիտոսի սիրտը, երբ մայրը գլխին բամփելով ասաց.

— Հենց դու էիր մնացել, որ գնաս նրան քնատեղից վերկացնես։

Տիտոսը միայն հեռվից էր ուզում տեսնել Անտոնին։ Ինչքան են խաղացել միասին, քանի ծտի բուն են քանդել, գետումլՈ ղացել այն ժամանակ, երբ իրենց թոնիրն էլ տաք էր։

— Ով գիտի` հիմի մեծացել, մեծ մարդ է դարձել։ Տեսնես ի՞նչ շոր ունի հագին։

Այդ մտքերից հետո Տիտոսին այնքան խեղճ թվաց տրեխների ծուռ ծայրը և այնպես կարոտեց մորը. նրա լացը հիշեց, երբ ուրիշի դռնակի մոտ յուղոտ պատառ տվեց։ Այն օրից նրան չէր տեսել, նրանց փողոցովն էլ չէր անցել։ Տիտոսը հորթերը հեռու չտարավ։ Գյուղի մոտիկ կանաչուտին հասնելուց հորթերը կանգ առան. Տիտոսը բաց արեց գրքի այն երեսը, որի արանքում բրդի թելի նշանը կար։

Քիչ հետո գլուխը վեր հանեց հորթերին նայելու։ Գյուղի ծայրին սպիտակ գլխարկով մեկն երևաց։ Եկողը ձեռքի ճիպոտով մոշի թփերին էր զարկում և արագ քայլերով մոտենում կանաչուտին։

Տիտոսը հեռվից ճանաչեց Անտոնին։ Այդ օրը երկրորդ անգամ նա ամաչեց կարկատած տրեխների, մորթին ճղած մեծ փափախի համար։

Հանդիպումն այնպես պարզ եղավ, այնքան հասարակր Անտոնն առաջինը կանչեց, ձեռքը մեկնած մոտեցավ։ Նա՛ առաջին խոսքն ասաց, որովհետև Տիտոսն անակնկալ հանդիպումից շփոթվեց, գիրքն արխալուղի թևի տակ առավ։

Եվ ոչ մի կարկատան չկար Անտոնի շորերի վրա։ Էլի առաջվա պես ծիծաղելիս կոտրած ատամը երևում էր։ Կոտրած ատամի պատմությունը Տիտոսի միտն ընկավ։

Անտոնը ոչ նրա գիրքը տեսավ, ոչ էլ հետևից կախ ընկած կարկատանները, որի համար մեկը նրան դմակավոր ոչխարի էր նմանացրել։