Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/144

Այս էջը սրբագրված է

Մի սար է, բարձրանաս իջնես, սարի տա կին կոտրած քարվանսարա կա, էնտեղ կքնես։ Հետո լայն ճանապարհ է մինչև մաշինին հասնես։ Վագոնը որ նստես, ուղիղ քեղ կտանի Րևանու մեջը... Բիլեթ են տալիս փողով, պետք է բիլեթը պինդ պահես, որ չկորչի՝ թե չէ կտանեն, շտրաֆ կանեն։ Ես իմս ծոցումս էի պահում, քնելիս էլ ձեռքս վրան էի դնում։ Էսպես հասա Րևան...

Անտոնի խոսքերն էին, որ խժժում էին Տիտոսի ականջի տակ, որպես ձագ տված մեղու։ Փակեց աչքերը, միտքը լարեց, թև առած մտքերը թռան սարերի վրայով հեռուն, դեպի ուր մեկնեց Անտոնն իր ձեռքը, պատմությունն անելիս։

— Տեսնես Կատարի խաշի ուխտավորի չափ մարդ կլինի՞,— մտածեց Տիտոսը, պառկած տեղում նստեց, գիրքը բաց արեց։ Գրքում Անտոնի ասածներից ոչինչ չկար։ Ծառերի մասին էր դրված, ագին ծաղիկ աղվեսի մասին և ոչ մի խոսք Րևանու կողմերից։

— Երևի ուրիշ գրքերում կլինի։

Լսեց գյուղից մի ձայն։

— Տիտո'ս, էհե՜յ, հորթերը արտի կանաչումն են, կանաչումն են, էհե՜յ…

Տեղից վեր թռավ, թռնելու հետ էլ մտքերը հորթերի պես շաղ եկան։ Րևանը չքացավ, որ մի քիչ հետո նորից փակչի նրա ուղեղին տիզի պես, բուն գնի և օրնիբուն միտքն զբաղեցնի իրենով։


Աշունքամուտ էր։

Սարերի բարձր կատարներին ամպը ցող էր շարում, լուսաբացի ցողը սառչում էր, դառնում եղյամ։ Արտերը հնձել, վերջացրել էին, գյուղը կալ էր կասում, այգիների բերքը ժողովում։ Դրանից էր, որ հնձած արտերում ոչ մարդ էր երեվում, ոչ անասուն։

Արահետը օձապտույտ ոլորներով բարձրանում էր սարի ստորոտից մինչև գագաթ, իջնում ձորը, նորից բարձրանում։

Մահակը գետնին դեմ տալով, կածանով բարձրանում էր Տիտոսը, հացով լի պայուսակը մեջքին։ Արևը բավական ճանապարհ էր կտրել, բայց արևից չէր, որ քրտինքի կաթիլներ