Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/156

Այս էջը սրբագրված է

տեսավ այն երկիրը, ուր բոստաններում սեխն է բուսնում։ Եթե վերադառնա՜ր գյուղ․․․ Ինչե՜ր պիտի պատմեր և ինչքան պիտի զարմանային ընկերները։

Ճամփի կողքին հինայած մուրալով մի մարդ էր չոքել։ Նրա շրթունքները շարժվում էին, մարդն իրիկվա նամազն էր անում, անթարթ աչքերը դեպի հեռուն։ Երբեմն ձեռքերը կրծքին էր դնում, գլուխը խոնարհում գետնին, մի քիչ մնում այդ դիրքով, ապա բարձրանում, նորից շրթունքները շարժում։


Երբ Տիտոսը մոտեցավ նրան, մարդն ասես ոչ տեսավ և ոչ էլ նրա ոտնաձայնը լսեց։ Տիտոսի աչքն ընկավ նրա կողքին,հենց ճամփի վրա դարսած սեխերին, որոնց մոտ հասարակ կշեռքն էր, քարե գրվանքաներով։

Եթե փողը լիներ, կառներ այն դեղինը, որի կլեպը հասնելուց ճաքել էր, մի տեղն էլ սևացել։ Ի՜նչ համեղը պի֊ տի լինի... Գյուղում նա միայն մի անգամ էր սեխ կերել, ավելի ճիշտ սեխի կլեպ։

Տիտոսն ինքն էլ չիմացավ, թե ինչպես ձեռքը դեղին սեխին մեկնեց հենց այն ժամանակ, երբ մարդը մի անգամ էլ երկրպագեց։ Եվ երբ թևի տակ զգաց հասած սեխի փափկությունը, քայլերն ակամայից արագացան։ Ճանապարհն աջ թեքվելիս, Տիտոսը մի անգամ էլ ետ նայեց։ Մարդը շարունակում էր աղոթել։

Մի քանի քայլ էլ արեց, հետո նստեց, դանակը գրպանից հանեց և խրեց սեխի մեջ։ Իրոք որ սեխը և հասած էր, և համեղ։ Սեխը կրծելիս հանկարծ նրա ականջին վազող ոտքերի ձայն ընկավ, թվաց, թե նախիրից փախած հորթ էր վազում։ Պատառը դեռ կուլ չտված, մեկ էլ առաջը ցցվեց աղոթող մարդը, թևերը քամու ջաղացի պես իրար տալով։ Մարդը բարձր կանչեց Տիտոսի ականջի տակ և ոտքը թափով վրա բերեց նրա թիկունքին։ Տիտոսը փռվեց գետին և տեսավ, թե ինչպես իր գլխի վրայից թռան սեխի ջարդված կտորները։

Ուղղափառ սեյիդը, հավատարիմ հնօրյա նամազին, սեխի համար աղոթքը չէր ընդհատել։

***

Մութ էր, երբ Տիտոսը հասավ իջևանին։ Ծերունի իշապանը դեռ չէր քնել։ Եվ երբ Տիտոսը մեկնվեց խսիրի վրա,