Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/161

Այս էջը սրբագրված է

սլլում, ասես անիվները գետնին շեն դիպչում։ Ինչքան շատ գլխարկ կար այն խանութի ղռանն, ինչ լավերն էին։ Մեկը միս էր խորովում, սպիտակ գոգնոցը հագին։

— Ճանապարհը չսխալվես, բալա,— ասաց ծերունին, որ իշու վրա նստած հետևում էր Տիտոսին։ Եվ եթե առաջինը գլուխը բարձր էր պահում, քայլերն ամուր կոխում, ժիր աչքերը խաղացնում բնում,— եթե Տիտոսն այդ դիրքով լեռնցի աշխարհակալ էր, իշու վրա նստած ծերունին ապացուցում էր, որ, իրոք, հին դարերում էլ էշը հարգի է եղել, և մարգարեն իշու վրա նստած մտել է հրեական մի խուլ քաղաք։

Շուկայում Տիտոսը բաժանվեց իշապաններից։ Նրանք կայարան չպիտի գնային։ Ծերունին մահակով ցույց տվեց քաղաքի ծայրին ընկած սպիտակ տունը։

— Հրեն է, մաշինն էնտեղ է կանգնում,— ասաց և հարգի տոպրակը հագցրեց իշու գլխին։

Տիտոսն իջավ դեպի սպիտակ տունը։ Ահա թե որն է երկաթ ճանապարհը: Հեռվից արևի տակ պսպղին էին տալիս երկաթի զույգ գծեր։ Թվում էր, թե երկաթ չի, այլ շափաղ տվող ապակի։

Սպիտակ տան առաջ մի քանի կառքեր կային։ Ներսում մարդիկ շարք էին կանգնել, մոտենում էին նեղլիկ պատուհանին, որի ետևից մի ձեռք ներս ու դուրս էր անում։

— Երևան, մի հատ,— լսեց Տիտոսը։ Նա էլ է գնում նույն ճանապարհով։ Եթե մարդը նրա համար էլ տոմս ստանար։

— Բիլեթը պինդ պահի, որ չկորչի։ Թե չէ ճամփին կմնաս...

Անտոնի խոսքերն էին։ Հետո մի զանգ եղավ, ճիշտ ժամի զանգի պես։ Մարդիկ խռնվեցին իրար։ Փնչոցով մոտեցան վագոնները, մաշինն այնպես պինդ ծկլթաց, որ Տիտոսը հետ քաշվեց, աչքերը վախից չռեց։

— Սա է տանում Րևանու կողմը,— մտածեց Տիտոսը, մոտեցավ մուտքին։

Մի մարդ Տիտոսին հետ տվավ։ Տիտոսն էլ վազեց, ամբոխի մեջ փափախավոր մեկին տեսավ։