Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/168

Այս էջը սրբագրված է

աշխատում էր ջահրակի առաջ, և եթե շաբաթականն էլ ուշ էին տալիս, չէր տրտնջում։ Ամիսներով դուրս չէր գալիս գործարանի բակից, որի մի անկյունում, ներքնահարկ խուցի մեջ, ուր անկարգ թափված կին դատարկ արկդներ, երկաթի կտորտանք, ջարդված կահույք, — իր անկողինն էր և մեծ սնդուկը:

Պատերազմից մի տարի առաջ էր եկել, և այդ տարիները նրա հիշողության մեջ չէին ավերել Շիրակի տափարակի վրա ընկած իր ծննդավայր գյուղը, իրենց տունը, որի երդիկից ծուխը կապույտ ժապավենի պես վեր էր ձգվում այն երեկո, երբ գյուղից բավական հեռու հրաժեշտ տվեց յուրայիններին և արագացրեց քայլերը, մութը դեռ չընկած հասնելու քաղաք: Եվ նույն գիշեր գնացքը սլացավ, հետևում թողնելով տափարակի նիրհած գյուղերը, ինչպես դադրած եզներ, ամռան լուսնկա գիշերին։

Տասերեք տարի առաջ էր...

— Ներս եկե՛, յավրում, Երվանդ, ինչո՞ւ կեցեր ես,— կանչեց Էքմեքճյանը։

Եվ երբ Երվանդը ներս մտավ, խոնարհ գլուխ տվեց, Էքմեքճյանը բազմոցից վեր կենալով մի քանի քայլ արեց, մոտեցավ նրան ու ձեռքը ուսին դնելով հարցրեց.

— Տկա՞ր ես, ինչ է, ըսե նայիմ, աչքիս տխուր կերևաս...

Երբեք Էքմեքճյանը այդքան սիրառատ չէր եղել, նույնիսկ Երվանդի հանդեպ, որի ջանասեր ու համեստ վարքը նա շատ անգամ էր օրինակ բերում շաբաթականից դժգոհ մյուս գործավարների առաջ։

— Համեստության տիպար, պարկեշտ... Անոր կերածն ալ հալալ է, վաստակն ալ... Տասը Երվանդ ունենայի, գործս ֆռռալով կդառնար։

— Է՜, ըսե նայիմ, ակռայիդ տակ բան մը կա...

— Միտքս փոխել եմ, աշխատիլ չեմ ուզե… Տուն կեր- թամ...

— Տո՞ւն... Տո՞ւն մնաց, որ երթաս... Պատուհաս էր, յավրում, եկավ ու քանդեց։ Ո՞վ կսպասեր, ո՞ւմ մտքեն կանցներ… Հերիք չեղա՞վ քաշածնիս։ Առ, կարդա, ինչ կգրե այսօրվան թերթը, — և Էքմեքճյանը սեղանի վրա ընկած թերթը մոտեցնելով Երվանդին, սկսեց կարդալ.