Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/171

Այս էջը սրբագրված է

№ 26-րդ ուղևորը կամ համր է և կամ անտեղյակ այն լեզուներին, որով մինչ այդ խոսում էին գնացքում։

№ 26 ուղևորը շատ սակավ էր իջնում կայարաններում և գնացքի մեկնման զանգը չտված, շտապում էր գրավել իր տեղը։ Օտարական լինելը նա հասկացավ որ միայն տոմսի վրա նշանակված կայարանի անունից, որից դեն ինքը երբեք չէր եղել, այլ խոսակցության այն ձևից, որպիսին ունենում են համրերը կամ օտարականները։ Մի կայարանում հաց առնելուց կոնդուկտորր տեսավ, թե ինչպես № 26-րդ ուղևորն առանց խոսք ասելու մատով ցույց տվեց մրգին, ապա թըղադրամ տվեց և ստացավ այնքան, որքան վերադարձրեց կրպակի տերը։

№ 26-րդ ուղևորը Լենինականի գավառի Բայանդուր գյուղացի Երվանդ Ադամյանն էր, որը մինչև Բաքու գնացքում հայերեն խոսք չէր լսել։ Ու երբ ներս մտնող ուղևորներից մի քանիսը սկսեցին իրար հետ հայերեն խոսել, նա պառկած։ տեղից իջավ ու հարցրեց նրանց.

— Ո՞ւր կերթաք՞…

— Սանահին,— ասացին նրանք։

— Մեր կողմը կերթաք,— ավելացրեց Երվանդը։ Սակայն ուղևորները չհարցրին նրան «մեր կողմի» մասին։

Երբ նրանք տեղավորվեցին, Երվանդը սրտատրոփ հարցրեց, թե ինչ են լսել երկրաշարժի մասին։

— Հաստա՞տ է, կըսեն թե հեչ մարդ չկա... Գետինք ճեղքել, տները մեջն է առել...

— Տատիս հեքիաթներն են,— ասաց ուղևորներից մեկը,— վնաս եղել է, բայց գետինը ձմերուկ խո չի, որ ճեղքի։

— Մարդ կա՞ հեչ...

— Ո՞նց թե, բա հո երկինք չե՞ն թռել...

— Մեր գեղը տե՞ղն է, Բայանդուրը...

— Էդ մեկը չեմ կարող ասել, էն կողմերում չեմ եղել,— պատասխանեց նա ու շուռ եկավ մյուս կողքին...

***

Երեկոյան գնացքը փնչալով կանգ առավ էլեկտրական լամպերի լույսով ողողված կառամատույցի առաջ։