Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/172

Այս էջը սրբագրված է

Երվանդը տխուր էր․․․

Լուս ա բացին գնացքը պիտի հասներ Լենինական ու պիտի կանգներ միայն կես ժամ, հետո նորից շարժվեր դեպի հարավ, մինչև սահմանագլուխ, որից այն կողմ անծանոթ երկիր էր նրա համար։ Միայն կես ժամ կարող, էր գնացքի պատուհանից նայել շատ ծանոթ հարթության, որի մի ծայրին իրենց գյուղն էր։

Մնո՞ւմ է, կտեսնի՞ արդյոք...

Եթե ծանոթ մեկը հանդիպեր ու նրան պատմեր, թե ինչպես եղավ աղետը, ո՞ւր են, ո՞վ մնաց... Պատմեին մոր մասին, դրկիցների, սանամեր Շուշանի, դիրգար Հակոբի աղջկա մասին... Փոքր էր, հիմա շատ մեծացել է, երևի վաղուց մարդու են տվել․․․

Բայց մնո՞ւմ են․․․

Թա՛ք-թրաք, թա՛ք-թրաք, միալար ու համաչափ զարկերով դղրդում էին անիվները․․․Գնացքը խոր ձորի միջով էր անցնում և երբ շշում, էր, արձագանք չէր տալիս ձորը․․․

Օրորվում էր Երվանդը, մտքերը տարուբեր էին լինում, հանդարտվում, մեկ էլ հանկարծ փոթորկվում․․․Ի՞նչ կանեն, եթե բռնեն, եթե պարզվի, որ տրանզիտ անցագիր ունի, օտարահպատակ է և պիտի գար, անցներ գնացքի հետ։

Մի ձեռք նրան մղում էր, ակնակուռ մատանիով սպիտակ ու փափուկ ձեռք։ Սրտի վրա էր այդ ձեռքը՝ ծոցումն էին թղթերը։

Լուսաբաց կլինի, կմոտենա կնայի ու ձեռքը նրան նորից կմղի առաջ։

— Տոմսերը պատրաստե՛ք։

Երվանդը ցնցվեց։ Ներս մտան երկու հոգի։ Տոմսերն էին ստուգում։

— Ծո , Մուկո՛ւչ, ա՛յ օղուլ, ի՞նչ ես կուչ էկե։ Ե՛լ, պառկե – դարձավ նրանցից մեկն անկյունում ննջող մի ուղևորի։ Ճրագի լույսը մոտեցրին, տոմսն էին նայում․․․

Երվանդի սիրտն արագ էր բաբախում, թպրտում էր, որպես մորթված թռչուն։ Մրտեղ էր տեսել նա այդ դեմքը․․․

Եվ երբ մարդը ճրագը իջեցրեց, Երվանդը կամացուկ ասաց․

— Օննի՜կ..