Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/187

Այս էջը սրբագրված է

որովհետև այստեղ և՛ քար քցողն էր քիչ, և՛ խնձորներն էին համեղ։

Նրանց միակ կովը, պոզը կոտրած Նարգիզը, սերվում էր այն նախշուն երինջից, որ Ջանին, որպես օժիտ, բերել էր Բարի Օհանի տնից։ Ամեն իրիկուն նախիրը գալուց կովը դարպասի մոտ բառաչում էր, Ռուշանը բակից ձայն էր տալիս հորը.

— Ապի՜, Նարգիզն եկավ։

Հայրը կանաչ խոտի մի կապ թևի տակ, պարտեզից բակ էր մտնում, խոտը դնում գետնին և մոտենում դարպասը բաց անելու։ Ւսկ պառավ Զանին փեշերն այնպես էր վեր քաշում, պղնձե մեծ կովկիթը մի քանի անդամ լվանում, ասես բակում տասը կթի կով էր կապած։ Մինչև Զանին կիթը վերջացներ, Ունանը շոյում էր կովի ճակատն ու վիզը, իսկ որդին կանաչ խոտը մանրիկ փնջերով մոտեցնում էր նարդիզի թաց դնչին։

Կովը տեղաց անելուց հետո Զանին թեյ էր քցում, իսկ Ունանը տղայի հետ խոսում էր այն մասին, թե վաղը ո՞ր մարգը պիտի ջրվի։ Եվ երբ Ռուշանը հոր խոսքը կիսատ թողած փողոց էր վազում, Ունանն էլ չուխան ուսերին քցած դուրս էր դալիս, դարպասի քարին նստում, մինչև Մեժլումն էլ երևար։ Դրկիցներն սկսում էին զրույցը, ամեն մարդ իր դարպասի քարին նստած։

Օրերը խաղաղ էին անցնում, մանավանդ ցերեկը, երբ Ռուշանը դպրոց էր գնում։ Զանին նստում էր բակի կեռասենու տակ, գուլպա գործում կամ կարկատան անում։ Ծտերն ուրախ ճռվողում էին, երբեմն գետնի երեսով թռնում։ Զանին գործում էր գուլպան, քթի տակ դնդնում մի երգ։ Կատուն նրա փեշերի վրա փռվում էր, ննջում ու երբ բեզարում էր ննջելուց, թաթերով կծիկի հետ էր խաղում: Իսկ Զանու աչքերը հոգնում էին ճաղերին նայելուց և գլուխը կախ էր քցում կրծքին։

Եթե պարտեզի դռնակը բացվեր կամ մի հարևան տուն գար, Զանին տեղից վեր է կենում, փեշերը թափ տալիս և բարկանում կատվի վրա.

— Ծիծ ուտող երեխի պես փեշիցս կա՛խ ընկի:

Եվ աչքերը տրորելով մոտենում էր եկողին, բարի ժպտով ասում.