Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/191

Այս էջը սրբագրված է

ինչպես հանդարտ լողացող ամպի քուլա․․․ Հիշեց Ռուշանի խոսքը, երբ ինքը հավերին կուտ էր տալիս։

—Նանի, որ մեծանամ քեզ համար ինչքա՜ն հավ եմ առնելու․․․

Ու քունը թեթև փետուրի պես իջավ Զանու հոգնած կոպերին։

Արևը մայր էր մտնում։

Զանին գուլպան ձեռքին նստել էր կեռասենու տակ։ Կաչաղակներն ու ծտերը թռչկոտում էին ճյուղից ճյուղ, կտցահարում կասկարմիր կեռասը։ Երբ նրանց աղմուկը սաստկանում էր, Զանին կողքին դրած բարակ ճիպոտը ճոճում էր, «հուշտ» անում․․․ Ծտերն ու կաչաղակները փռռալով թռչում էին, պահվում մյուս ծառերի ճյուղերին ու հետո նորից մեկ–մեկ հավաքվում... Կտուրի վրա, բնի կողքին կանգնել էր ծեր արագիլը ու պլշած նայում էր, երբեմն գլուխն այս ու այն կողմը դարձնում։ Զարմանո՞ւմ էր կաչաղակների հանդգնությանը, թե զայրացած էր, որ անհանգստացնում են պառավին,— միայն երբ Զանին ճիպոտ էր վերցնում, արագիլն էլ թևերն էր թափահարում, կարծես ինքն էր քշում աներես ծտերին։

Հանկարծ արագիլը վիզը երկարեց, դժվարությամբ թեվին արավ ու թռավ։ Հենց այդ վայրկյանին մեկը մոտեցավ դարպասին, կոչնակը ծեծեց.

— Զանի մոքիր, դուռը բաց արա, աչքալուս եմ բերել...

Պառավին թվաց, թե ծնկները պոկվեցին։ Ու քիչ մնաց ընկներ․․․ Գուլպան ձեռքից սահեց գետնին։ Պարտեզի դռնակը բացվեց, և Ռուշանը գնդակի թափով վազեց դարպասի կողմը։ Ու հևիհև ներս ընկավ, ներս մտավ Մեժլումի հարսը։

— Զանի մորքուր... Անտոնը, ձեր Անտոնը հրեն գալիս է... ֆայտոնում նստած։ Աչքալուսս տուր... ես բուրդն էի լվանում, մին էլ ֆայտոնը կամրջի գլխով անցավ։ Տեսնելս ու ճանաչելս մին եղավ։ Հրես որտեղ որ է ձենը կլսվի... Ասի բուրդին նայեք ես վազեմ... թե որ չէի՜ ճանաչել, էն ա աչքալուսս...

— Ռուշա՞ն, ա՜յ ալևոր...

Ռուշանը չկար։ Մեժլումի հարսի հենց առաջին խոսքից