Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/209

Այս էջը սրբագրված է

ՀԵՐՈՍ ՆՈՔԱՐԸ

Ուրախ աղմուկով թափվում էր գարնան առաջին անձրևը։ Ծանր կաթիլները պատուհանի ապակիներին էին զարկում. թմբկահարում թիթեղյա կտուրները, կարծես ավետում էին, որ դաշտերի համար բերել են առատություն և հարուստ բերք։

Տաք ու խոնավ քամին մերթ փրցնում էր կաթիլների մի խուրձ և շպրտում մինչև պատշգամբի խորքը, մերթ ծառս լինում դեպի մթնկա երկինքը և թափով խփում էլեկտրական լամպերին։

— Չե՞ս մրսի, Դանե՛լ,— ասացի ընկերոջս,— ուզում ես ներս մտնենք․․․

Հանկարծ շողշողաց արծաթագույն կայծակը, կարծես մեկը լախտ նետեց մթնի մեջ, և ապա ամեհի գոռոցով ամպերը պայթեցին։ Առաջին որոտից զրնգացին պատուհանի ապակիները։ Կայծակը փայլատակեց մի անգամ էլ, բոցն ընկավ պատուհանի ապակիներին, ես տեսա իմ ընկերոջ գունատ դեմքը։ Նա աչքերը փակել էր, կարծես նիրհում էր։

— Լավ ,է,— ասաց ու մեղմ ժպտաց։

Համառ մարդ է իմ ընկերը։ Ինձ մնում էր վերարկուն նրա ուսերին քցել և պատուհանի փեղկը կիսախուփ անել, որպեսզի քամին չհասներ նրան։

— Գիտե՞ս առաջին անձրևը ինձ ինչ է հիշեցնում,— և չսպասելով պատասխանիս, շարունակեց․

— Մի թուրք ընկերոջ։ Էսօր ցերեկով մտաբերեցի նրան․․․ Դու էն ասա, թեյը հո չի՞ սառել․․․

Ձեռքս մեկնեցի թեյամանին։

— Լցնե՞մ։