Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/210

Այս էջը սրբագրված է

– Լցրու։ Գրող մարդ ես, էս պատմությունը լավ լսիր, որ կարողանաս պատմածիս նման գրել, թե չէ․․․

Նա չշարունակեց իր «Թե չէ»-ն, որովհետև հայտնի էր ինձ նրա վերաբերմունքն ու պահանջը գրքի հանդեպ։ Ընկերս մեկն է նրանցից, որոնք գրքից պահանջում են մերկ ճշմարտություն հասարակ մարդկանց հոգսերի, նրանց առօրյայի և մղած պայքարի մասին։

Մի ժամանակ ես նրան գրքեր էի մատակարարում, ինչպես ինքն էր ասում՝ «շեֆություն էի վերցրել»։ Բայց իմ առաջարկած գրքերի մեծ մասը հետ էր վերադարձնում անբավական դժգոհությամբ։ Միակ գիրքը, որ երկու անգամ կարդացել էր և նույնիսկ եղունգով նշան արել լուսանցքների վրա՝ Ջոն Ռիդի «Տասը օրն» էր...

– Էլի էսպես նստել էինք դուրսը... Անձրև էր․․․ էս ոնց շուտ թռան է՜ էն տարիները։ Բայց սպասի գլխիցս պատմեմ։ Նորաշենցի Դավիթին ճանաչում ես, չէ՞։

— Ջրային բաժն ի… — Հա՜։ Էն հիմա է էնպես լցվել։ Էսօր տեսա, ասացի՝ մեր տղա, փորիդ մակարդակը բարձրանում է... Հա՛։ Էն ժամանակ լղա՜ր, կարճիկ մարդ էր, ճղոտված, մի ոտքին տրեխ, մեկինը տելեֆոնի թելով կապված սապոգ։

Խոր աշունք էր։ Արև էր անում ցերեկը, իսկ գիշերները ջրերը սառչում էին։ Մի առավոտ ինձ գավհեղկոմից շտապ պահանջեցին։ Էն ժամանակ հիմիկվա պես չէր, որ մի տեղ ուղարկելուց դիսկուսիա բաց անեն։ Հրամանը հրաման էր։ Մենք էլ էնպես էինք վարժվել էդ դիսցիպլինին, որ ասես հենց քսան տարվա զինվոր էինք։

Մի ժամ չանցած ճանապարհ ընկա։ Գավառն էլ երեք–չորս ամսվա խորհրդայնացած էր։ Բայց ծմակներում թաքնըված մնում էին մի քանի վաշտապետ մավզերիստներ։ Նժդեհը թառել էր Խուստուփի գլխին։ Ղափանի կողմը ֆրոնտը դեռ մնում էր։

Որտեղ էլ գնայինք, գիշեր լիներ թե ցերեկ, հրացանը կար հո՜ կար։ Էնպես էլ վարժվել էինք էն անտերին, որ քնաթաթախ էլ զարթեցնեին, ձեռքներս մեկնում էինք հրացանին։

Եկա հեղկոմ։ Արամն էր նախագահը։ Մի կարտուզ գըլ–