Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/221

Այս էջը սրբագրված է

որոտացին մի անգամ։ Որոտացին թշնամուն սարսափեցնելու համար, և ինչպես արձագանքը ձորից ձոր դրնգաց, էնպես էլ սարսափը գնաց հասավ մինչև նրանց վերջին զինվորը։

Լուսը մութից չէր բաժանվել, երբ մենք առաջին գրոհին գնացինք։ Երբեք չեմ մոռանա էդ լուսաբացը։ Մթնով էինք գետն անցել, թրջվել էինք, անձրև էր գալիս, ինչպես նահանջի գիշերը, բայց էս արդեն գարնան տաք անձրև էր։ Մեր ոտները խոտերի շաղից թացացել էր, մասրենու թփերը մեզ վրա ցող էին կաթեցնում, իսկ մենք կուզեկուզ, էս թփի տակ կուչ գալով, էն քարի տակ պառկելով հա բարձրանում էինք բլուրները, իջնում, նորից բարձրանում ավելի մեծ բլուր, մինչև լուսաբացին հասանք համարյա թշնամու առաջին դիրքերին։ Էդտեղ էր, որ թնդանոթները կրակ թափեցին, և մենք առաջին գրոհին դիմեցինք։

Երբեք չեմ մոռանա էդ լուսաբացը... Ու մեկ էլ էստեղ հիշողությունս կտրվում է, ինչպես թրով ճեղքած, էդպես էլ եղել էր իսկականում։ Ես աչքս բաց եմ անում, նայում եմ, նայում եմ, էս մեր հին տան օճորքն է, մեր երդիկը, երկնքի կապույտ կտորը և արևի սյունը էդ կապույտ կտորից մինչև մեր թոնրի քարը։ Ես աչքերս ավելի եմ մեծացնում և տեսնում եմ երդիկի պենձիկը, կոտրած կարասի կարմիր պռունգը, որ պղնձի նման արևի տակ շողշողում է։

Ուժ եմ անում և հիշում եմ ձիու կարմիր մռութը համարյա կրծքիս և սուր ցավ գլխիս։ Էլ ուրիշ ոչինչ։ Ես մինչև հիմա էլ հիշում եմ այդ ձիու մռութը։ Երևի ձին էլ չկա, բայց եթե լիներ, հազար ձիու մեջ ես կջոկեի էն ձիուն, որ քշում էր ինձ վրա։

Էն նույն առավոտ առաջին գրոհին վիրավորվել էի գլխից։ Թրի հարված էի ստացել, ոտնակոխ էի եղել։ Մենք վաղուց էինք հաղթել, երբ ես ուշքի եկա, և աչքիս ընկավ մեր հին տան կարմիր պենձիկը։

Ինձ ուշաթափ վիճակում բերել էին մեր գյուղը, մեր տունը։ Դուռը ճռռում է... Մայրս կռանում է ճակատիս վրա ես ուզում եմ խոսել, բայց չեմ կարողանում։ Հետո մի ուրիշն