Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/225

Այս էջը սրբագրված է

ՏՊԱՐԱՆԻ «ՊԱՊԱՇԱՆ»

1

Ամենքն էլ ճանաչում էին գրաշար Դանելին կամ, ինչպես ասում էին՝ «տպարանի պապաշային»։ Քսան տարուց ավելի բանվորություն էր արել, միշտ տառերի արկղի վրա կռացած, երկաթե վերստակը ձեռքին։

Շարել էր գրքեր, անհամար կոչեր, լրագիր ու ամսաթերթեր։ Տարիների աշխատանքից մի քիշ կռացել էր, գլուխը կրծքին խոնարհել։ Տառերի արճիճը, տպարանի մուրը ծծվել էին մաշկի տակ, և նրա երեսը, ձեռքերը արճիճի գույն էին ստացել։

— Մինչև մահս էսպես մրոտ եմ մնալու... որ մեռա, կսիպտակեմ,— կատակով ասում էր նա տպարանի նոր բանվորներին, ցույց տալով ոսկրոտ մատները։

Պապաշան քիչ էր խոսում։ Նրանից կարգապահը և աշխատասերը տպարանում չկար։ նույնիսկ տան կենվորները գիտեին նրա կարգապահ լինելը․ հենց որ Դանելը տնից դուրս էր գալիս տպարան գնալու, բակի երեխաներն էլ գիտեին, որ ժամի 8֊ից պակաս է 15 րոպե:

Ծեր գրաշարը երբեմն ուրախ տրամադրությամբ էր ներս մտնում տպարանի ընդարձակ դահլիճը, ուր շարվեշար տեղավորված էին տառերի արկղները:

— Էսօր պապաշան զվարթ է, — ասում էին գրաշարներն իրար։

Նրա զվարթ լինելը հայտնի էր և նրանից, որ այդ ժամերին ծեր գրաշարը և՛ շարում էր, և՛ ինքն իրեն դնդնում միալար, շատերին անծանոթ մի երդ։