Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/226

Այս էջը սրբագրված է

Իսկ եթե պապաշան զվարթ էր, ապա ուրեմն ընդմիջումի ժամանակ, երբ գրաշարները հավաքվում են նախաճաշի, նա պատմելու էր հետաքրքիր մի արկած հին «խազեինի» կյանքից, իր երիտասարդության օրերի «խաղերից և օյիններից»։

Բայց ամենից հետաքրքիրը և ծիծաղելին նրա շարած գրքերի վերնագրերի անգիր ասելն էր։ Ինչքան գիրք էր շարել, ինչքան բրոշյուր, — բոլորի վերնագրերն էլ հիշում էր և կապում իրար այնպես, որ ստացվում էր խառնաշփոթ, բայց և ծիծաղելի նախադասություն։

Այսպես էր տպարանի պապաշան, ընկերասեր, երբեմն լռակյաց, երբեմն զվարթ, բայց առավոտ ութից մինչև ճաշ տառերի արկղի վրա կռացած։

2

Երեկոյան տպարանի կարմիր անկյունը լեփ լեցուն էր։

Ժողովը դեռ չէր սկսվել։ Գրաշարները, տպագրիչները, նրանց կանայք խումբ-խումբ խռնվել էին միջանցքում, դահլիճում, պատերի տակ։ Մի մեծ խումբ էլ, երկար սեղանի շուրջը հավաքված, տաք-տաք վիճում էր։

Նրանց վեճի առարկան տպարանի նոր շենքի առաջ եղած ավազի և խիճի կույտերն էին, որ մնացել էին շենքերը շինելուց հետո։ Մի թեթև քամի շինելուց փոշին բաց պատուհանով ներս էր լցվում։ Գանգատվում էին մանավանդ առաջին հարկում տեղավորված տպագրիչները։

— Թող փոքրիկ պարտեզ տնկեն, օդը մաքուր կլինի, փոշուց էլ կազատվենք, — կանչում էր տպագրիչներից մեկը որի կարճահասակ լինելը խանգարում էր նրան սեղանի մոտ նստած ընկերոջը տեսնելու։

— Պետք է մանկապարտեզ էլ բաց անել,— վրա բերեց մի կին,— երեխաները փողոցում են ամբողջ օրը։

Արդեն բավական բազմություն էր հավաքվել։ Տեղկոմի նախագահը հայտարարեց, որ «հարյուր տոկոսով.» ներկա են, եթե չհաշվենք հանգստյան տուն գնացածներին և հիվանդներին։