Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/23

Այս էջը հաստատված է

մութ, որ ընթերցողը չպիտի կարենար իմանալ, թե որտեղ է կատարվել այդ։

***

Գնացի միլիցիա։

Այդ գիշեր, անշուշտ, մի բան պատահած կլիներ` սպանություն կամ թալան։

Հե՜յ գիտի ժամանակ… ամեն մարդ մուտք չունի այնտեղ. շատ անգամ, երբ գողություն էր լինում, տուժած կողմը գերադասում էր միլիցիային չդիմել, թե չէ իրեն հանցավոր կհանեին և դեռ վզակոթին էլ կտային։ Այդ մի տարի էր, երբ բռունցքով «շփելը» մարմնի զանազան մասերին, քնքուշ շոյել էր նշանակում։ Միլիցիոները ռոճիկ համարյա չէր ստանում, ինքն էր հայթայթում իր պարենը, և կամավոր այդ ծառայության համար ամբողջ մի թաղամաս նրան պարգև էր տրված։

Ինձ ճանաչում էին ու մի քիչ էլ քաշվում։ Ես զգում էի, որ հաճելի հյուր չեմ և գիշերվա կերուխումից ուռած աչքերով անքուն հերթապահի դեմքի վրա շատ դյուրին կարդում էի.

- Օ՜ֆ, զահլա տարավ էլի՜…

Բայց այս անգամ ես գնացի միլիցիապետի մոտ։ Այդ մարդուն հրավիրել էին արտասահմանից, չգիտեմ, որ շնորհքի համար։ Ճաշ ու կինարմատ շատ էր սիրում։ Մի դեպք հիշելու համար օրն այսպես էր որոշում.

- Էն որ Եգորի տանը փլավ կերանք։

Եթե շատ էր զայրանում, հայհոյանքի հետ դուրս էին թռնում զանազան խորտիկների անուններ։

- Շան որդուն այնքան կծեծեմ, որ լուլաքյաբաբ կդառնա։

Նրա տիրապետության օրոք ստորադրյալ պաշտոնյաները գիտեին, թե ի՞նչ պատիժ է գողին «թակել, ինչպես դոլմա», «կարմրած բուդ շինել» և այլն։

Դեպի իգական սեռն ունեցած վերաբերմունքը նույն մտապատկերից էր բխում։ Եթե նա մի գեր կին էր տեսնում, նայում էր այնպես, ինչպես մսագործը՝ չաղ մսացուին։

Խոսելուց առաջ սրտալի հազում էր, վիզը թեքում այնպես, որ դեմքն ինչ-որ վճռական առնականություն էր ստանում,