Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/237

Այս էջը սրբագրված է

Վարպետ Անդրեյը ոգևորված գդակը վեր շպռտեց։ Մի քանիսը հետևեցին նրա օրինակին։

Այդ էլ դուր եկավ վարպետ Անդրեյին։ Ինքը շարունակում էր ծափահարելը, և ծափերի մեղմացած թափը նորից էր թնդում։ Ինքը գլխարկը ճոճեց, մյուսները հետևեցին։ Մի մեղմ ուրախություն ծփաց ներսը, ինչպես ծովի թեթև կոհակները։

Չէ՛, նա էլ չպիսէի խմի նա չի ուզում, որ իրեն համարեն «չնչին տոկոս»։ Նա պտի գնա մյուսների հետ հավասար քայլերով, նա հետ չի մնա իր ընկերներից։

Վարպետ Անդրեյը աչքերը կիսախուփ արեց կարծես ննջում էր։ Նա մտքի առաջ հետ էր տալիս իր անցած տարիների գիրքը, կարծես փնտրում նշանավոր մի էջ, մի գլուխ, մի դեպք, որից հետո տարիները գնացին ուրիշ ճանապարհով․

Գտավ։ Այդ դեպքը գտավ։

Սիրտը դառնությամբ էր լցված, զայրույթը նրան մղեց դեպի օղու խանութը։ Հետո ավելի հաճախ էր գնում։ Եվ Վարժվեց։ Վարպետը գլուխը վեր հանեց։ Արդեն ցրվում էին, ժողովը վերջացել էր։

Վարպետը գլխարկը թևի տակ դուրս եկավ։ Դռան մոտ նա հանդիպեց Զանոյին։ Վարպետը մի րոպե կանգնեց Զանոն ժպտաց։

Եվ հին ընկերները լուռ սեղմեցին իրար ձեռք։

Վարպետ Անդրեյր տեսավ մանարանի ցեխի վարիչին։ Քայլերը արագացրեց, հասավ նրան։ Վարիչը բարևեց․

— Հը վարպե՞տ․․․

— Ես․․․ ինձ էլ դրեք հարվածային... Ես չեմ ուզում, — բայց նրա ձայնը դողաց և չկարողացավ խոսքը շարունակել և ասել, որ չի ուզում դուրս մնալ շարքերից։

— Ես այդպես էլ գիտեի, վարպե՜ տ․․․

Գործարանի սուլիչները ճչացին, աշխատանքն սկսվեց։