Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/239

Այս էջը սրբագրված է

պատասխանեց նախագահը և կարծես միաժամանակ մտածում էր, թե ինչպես ելքը գտնի, — մաշինեքը եկել են, սերմազտիչները․․․ Չորս օր է տանցումն ընկած են, որ չբերենք, համ պենիա ենք տանելու, համ էլ մեր գործն է ետ ընկնում։

Ենոքը թեթև շունչ քաշեց։ Ճշմարիտ է՝ գործն ավելի մեծ էր, բայց անմիջապես իրեն չէր վերաբերվում։ Ու նա կռացավ, մի քանի կտոր փայտ էլ քցեց վառարանը։

— Բա՛, Ենոք․․․ Էսպես բաներ...

— Պենի հարցը դժվար է, մնացածը հեչ... շ

Նախագահը վրդովվեց.

— Ո՞նց թե հեչ։

— Ասում եմ՝ մաշին է, ճանապարհը կբացվի, կբերենք...

— Էն ժամանակ գարուն կլինի, վարը կընկնի, էլ երբ պիտի սերմացուն զտենք, Ենոք... էսօր էգուց պիտի բերվի մաշինեքը։

— Էս եղանակի՞ն, — զարմացած հարցրեց Ենոքը։

— Հա՛, հենց էս եղանակին, — կտրուկ պատասխանեց նախագահը։

Եվ, քիչ լռելուց հետո, ձայնը ցածրացնելով ասաց.

— Գնա կանչի՛ը Սմբատին... Եթե Լևոնը տանն է, նրան էլ ձայն տուր։

Կատարածուն փայտը վերցրեց և դժկամ հեռացավ տաք սենյակից։

2

Իսկ ձյունը հա գալիս էր։ Ձմեռվա այն ժամանակն էր, երբ ինչպես ասում են, օձը բնում կսառչի։

Բայց ինչպես էլ լիներ, մեքենաները պիտի կայարանից բերեին, թե չէ՝ սերմազտման պլանը չէր կատարվի, ուրեմն և սերմացուն հնար չէր լինի ժամանակին ախտահանելու։ Գարունը պիտի բացվեր, և իսկույն սկսվելու էր վարը, ժամանակ չէր լինելու սերմացուն զտելու։

Ահա ինչու, երբ ներս մտավ կոմսոմոլի բջիջի քարտուղար Սմբատը, և նախագահը նրան հայտնեց գրության մասին, նա մի րոպե մտածելուց հետո՝ ասաց․