Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/24

Այս էջը հաստատված է

ձեռքերը կոխում էր գրպանը և անպատճառ ցույց տալիս տասնոցի մի ծայրը։

- Օ՜ , բարով տեսանք,- երկարեց ձեռքն ինձ՝ տնավարի։- Խաբար ես ուզում, նոր լուր, հըմ…

- Այս քանի օր բան չի՞ պատահել քաղաքում,- հարցրի ես։

- Զատ չի եղել, ուտում են, խմում, ազգը բազմացնում,- հռհռաց նա։

Ես նրան սպանության մի երկու դեպք հիշեցրի, բայց նա ընդհատեց ինձ, ասելով, թե այդ առաջ է եղել, գրելու կարիք չկա։

Քոռ ու փոշման դուրս եկա։

***

Հերթապահի սենյակում աղմուկի ձայն լսեցի։ Մեկը թուրքերեն բարձրագոչ հայհոյում էր։ Հանկարծ դուռը բացվեց, հաղթանդամ մի մարդ ալևոր մեկի վզակոթին «շփեց», ու նա երեսնիվայր գլորվեց սանդուղքից մինչև մուտքի դուռը։

- Դե գնա, քո…- ու հիշոց լրբենի, դուռը շրխկոցով ծածկեց։

Մնացի քարացած։

Խեղճ ալևորը մուտքի մոտ մնաց պառկած, հետո տնքալով վեր կացավ ու նստեց քարին։ Գլուխը ճղվել էր, և արյունը կաթ-կաթ թափվում էր միրուքին։ Ծերունին արյունը չէր սրբում։ Նստել էր գունատ, ասես հիմա շունչը պիտի տա։

Մոտեցա նրան, նայեց այնպես խեղճ, կարծես ուզում էր ասի, որ ոչ ոք իրեն այդ վիճակից չի կարող ազատի։

- Ալլա՜հ, հոգիս առ։

Ասաց ու հենվեց պատին։ Մեկը իջավ վերևից, զայրացավ ծերունու վրա, քրթմնջալով սկսեց արյունը սրբել։ Ծերունին թողեց հեռացավ, դանդաղաքայլ, մի ձեռքը գլխի ճեղքվածին։

Մուտքի դռան մոտ արյունը լերդացել էր։

- Հալա տես՝ ի՜նչ արյուն ունի,- դարձավ ինձ ավլող պաշտոնյան այնպես, կարծես ափսոսում էր, որ ծերունու երակներում դեռ արյուն կա։

Հետո իմացա, թե բանն ինչումն էր։