Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/241

Այս էջը սրբագրված է

Կայարանի ծառայողներն էլ զարմացան, երբ լույսը նոր բացված ներս մտավ գյուղացիների մի խումբ։ Նրանց մեծ մասը կլոլված էր բրդե վերարկուների մեջ, գլուխը փաթաթած տաք շալով. երևում էին միայն աչքերն՝ ու քթի հետևի մասը։ Տաք գոլորշին սառել և փոքրիկ ասեղներ էր դարձել շալից կախված։ Ոմանք ուղտի բրդից փափուկ ձեռնոցներ ունեին։ Նրանց մեծ մասը երիտասարդներ էին, միայն մի քանի հասակավորներ կային, որոնց թվում մեկը մի երկար ձող ձեռքին քայլում էր խմբի առջևից, ձողը խրում այս ու այնտեղ սառած ձյունի հաստությունը և խորությունը որոշելու։

Հենց այդպես էլ ձյունաթաթախ խմբով ներս մտան հերթապահի սենյակը։ Սմբատը մեկնեց գրությունը։

Հերթապահը կարդաց, տեղից վեր կացավ, ու գնացին կայարանի հետևը, որտեղ ծածկոցի տակ, մի անկյունում փայտն վանդակի մեջ նրանց սերմազտիչներն էին դարսված։ Գիշերվա բուքը առատ ձյուն էր լցրել մեքենաների ներսը։

— Էլ մի՝ կանգնեք, — ասաց մեկը, որի գլխին մաշված կոմունարկա էր.— ձյունը մաքրե՞ք... կտաքանաք։

Կոմերիտականների մի խումբ մոտեցավ մեքենաներին: Կես ժամ չանցած մեքենաները հանեցին փայտե վանդակից, մաքրեցին և պարաններով պինդ կապեցին հենց այն տախտակներին, որոնցից շինված էր վանդակը։

Նրանք կառուցել էին սահնակի պես մի բան։

— Լևոն, ա՛ռ փայտը, — և կոմունարկայով մարդը, որ ինքը նախագահն էր, փայտը մեկնեց նրան. — դու կգնաս առջևից... Տես որ փափուկ տեղեր չլինեն, չխրվենք։ Սմբա՞տ, դու վերջին մեքենայի հետ կլինես։ — Ապա դառնալով մյուսներին՝ ուրախ բացականչեց, — տաքանանք, հը՞... Դե՛, ձեզ տեսնեմ, կոմսոմոլի անունը գետնով չտաք..․