Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/272

Այս էջը սրբագրված է

Է դու քանի՞ գլխանի ես, որ իմ հրամանին հակառակ ես կանգնում։ Մին է ասում, երկու, ուստի աշակերտը ասածից հետ չի կենում։ Բեգը կատաղում է։

— Դո՞ւ ես ասել, որ մատԴ կկտրես, հա՞։

— Ե՜ս եմ ասել...

էդ խոսքն է ասում թե չէ, վրա են տալիս կապոտում, քցում գետնին, բեգը թուրը քաշում է, դրա աջ ձեռքի մատը կտրում ։ — Ո՞նց թե, — զարմացած հարցրի ես, — Սիմոն ամի, ախր...

— էլ ի՞նչ ախր, ա՜յ որգի,— գլուխն օրորելով շարունակեց Սիմոն ամին,— քեզ հաստատ պատմություն եմ անում... Ես մշակին հաց տանող երեխա էի, մատը կտրած աշակերտին էնպես եմ հիշում, ոնց որ էսօրը։ Հրե աչքիս առաջ։

Նա ձեռքը մեկնեց, կարծես, իրոք, մեր առաջ կանգնած էր մատից արյուն ծորացող վարպետի աշակերտը։

— Էս խաբարը որ հասնում է նրա ուստային,— լռության մեջ շարունակեց Սիմոն ամին,— գնում է աշակերտին բերում։ Ասում է, դու գլուխդ կախ աշխատի, աշխարհն էսպես փակ չի մնա, մի օրից մի օր էս թարս փակած դռները կբացվեն, մեզ էլ մի լույս կծագի։ Ասում է էս իմաստուն խոսքը, ոնց հիմա ես եմ քեզ ասում... Լուս դառնա նրա հիշատակը... էն վաղի ժամանակներն ո՞վ կիմանար, թե օր է գալու, որ չի լինելու ո՜չ բեգ, ո՜չ թավադ։

Հա, վարպետի խոսքերին գանք։ Ասում է՝ ես էնպես հիշատակ թողնեմ, որ մնա, քանի էս աղբյուրի ջուրը մնա։ Շեն բնակավայր տեղ է, ծարավ մարդիկ կգան-կխմեն, քեզ ու ինձ կհիշեն ու չեն ասի, թե խան ու բեգ է եղել աշխարհում։

Ուստան բերում է աղբյուրի ճակատը տաշովի քարով շարում։ Որ վերջանում է, աշունք է լինում, բեգը քոչում է արանը, ուստին պատվիրում՝ մինչև հետ դաչը իստակ, մաքուր սարքի։ Ուստան բերում է աղբյուրի ճակատին փորում աշակերտի ձեռքը, մի մատը կտրած։ Էդ կտրած մատի տեղն էլ հագցնում է ջրի ծորակը։

— Դու աշխարհի բանը տես,— ժպտալով երեսը իմ կողմը դարձրեց Սիմոն ամին,— էդ ձմեռ էլ բեգը արանում որսի է գնում, գնում է ու շան փայ լինում... Ասում են կա-