Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/276

Այս էջը սրբագրված է


վը, և իմ հոր խոսքն էլ կատարվեց, թող լույս դառնա նրա հիշատակը։

— Ի՞նչ խոսք, Սիմոն ամի...

— Հերս, ա' յ որդի, մի չոբան, բռի մարդ էր... Գոմեշը, որ ցեխում նստեր' պոզերից կքաշեր, կհաներ, էդքան ուժ կար կռներում ։ Գութանը շալակում էր, սարը տանում, ու ջնջիլները կռանը փաթաթում, ինչպես թելի կտորը։ Մի օր ծմակը վար անելուց գութանի մաճը կոտրում է։ Բանի վատ ժամանա՜կը, որ մի սհաթը մի տարի արժե: Տեսել ես էլի, մեր սարերը, որ մին թխպեց, քառասուն օր արևի երես չենք տեսնի։ Հա', հերս կացինը վեր է առնում, աչք ման ածելով գնում է, որ մաճի համար ծառ գտնի: Երկու անգամ կացինը վեր է հատում մի շիմշատ կաղնու, ըհը՛ , առաջը կտրում է բեգի մեշաբաշին (անտառապահը), նրա հետևից բեգն իր մարդկանցով։ Որսատեղից գալուց են լինում։ Հերս խնդրում է, աղաչանք անում, չի համոզվում։ Կացինն առնում են, իրեն էլ առաջ արած քշում։ Հերս էլ չի համբերում, էդտեղ բեգի երեսին ասում է, թե ես մեռած' իմ երեխան կենդանի, էս ծառը մե՛րը պիտի լինի։

Շատ չարչարանք քաշեց խեղճը։ Բեգի աչքիցն ընկավ, էլ կոռ, էլ բեգյար, էլ անիրավություն չմնաց թափեց մեր տան գլխին։ Էն աժդահա մարդը մաշվեց, մաքառվեց, անկողին մտավ։ Մեռնելուց ինձ,  թե՝ պարտական մնաս, եթե տեղդ հեշտանալուց էն ծառը չբերես տուն։ Աչքերը փակեց և էլ չբացեց։
Տարիներ անցկացավ, գետով շատ ջուր գնաց։ Ես հասակ առա, էն կաղնին հաստացավ, դառավ ահագին։ Ինչքան կողքով անց Էի կենում, հերս կանգնում էր աչքիս առաջը, սիրտս պղտորվում էր։ Ասում էի կտրեմ, վեր թափեմ սաղ ծմակը, բեգի ամարաթը, վախենում էի խմորակեր մանրերը մնան կրակի մեջ։ 

Էն ծառի անունը մնաց Մանուչարի կաղնի, հորս անունով։ Կաղնու կտրած տեղը հաստացել, պռոշ էր կապել։ Էլի վերջը մեր արածը եղավ։

— Ինչպե՞ս,— հարցրի ես։