Մի պահ դժվար թվաց ինձ աշխատանքը գյուղում, որպես առապարը քարոտ, անհատակ՝ անդունդի պես և անդունդի պես և անդուլ, ինչպես հոսանքն աղմկող գետակի։
***
Անսվաղ պատերով մի մեծ սենյակում տեղավորված է և՛ «խրճիթը», և՛ գյուղխորհուրդը, և՛ ՓՕԿ-ը։
Սենյակում տաշեղների կիտուկներ են թափված հատակին, ռանդած տախտակներ և հյուսնի գործիքներ։ Դպրոցի համար նստարաններ են պատրաստում։ Լենինի նկարը՝ սևացած քարից խմորով փակցրած և պլակատներ՝ մի հատը թարս կախած և լոզունգներ շարեշար, իբր նախշ։
Գյուղում իսկույն իմանում են, որ քաղաքից մարդ է եկել։ Եվ մեկ-մեկ հավաքվում են, անպատճառ մոտենում, ձեռք տալիս, քեֆ-հալ հարցնում և հեռվից, կեռ ու մեռ ճանապարհով, մոտենում գալուդ նպատակին։
— Տեսնում եք, ինչքան քանդված տներ կան մեր գեղում։
— Յոթն անգամ ենք գաղթել,— ասում է մեկը։
Ավերակ տներ շատ կան, պատերը փլված, դուռ ու պատուհան այրած, հանած տեղից։ Ազգամիջյան կռիվների ընթացքում մի քանի անգամ տեղահան են եղել, թալանվել և նորից վերադարձել, գոմ ու մարագ նորոգել, տունը կարգի բերել։
Ավերակ տնատեղերում փարթամորեն աճել են սոխ, կաղամբ, ծխախոտ։
Տան դիմաց, ծառի շվաքում, իր աժդահա հասակով մեկ փռվել է մեկը, քնել մուշ-մուշ։
— Ջա՜ն նրան։ Աչք էլ չունի, աչքացավ էլ,— ասում է մեկը և ավելացնում, որ քնողը գեղի աղքատներից է, տանն ուտելիք չկա, գյուղում էլ՝ աշխատանք։
Բաքվից մի բանվոր է եկել, նույն գյուղացի։ Ընկերները նրան ուղարկել են գյուղի ապրուստն իմանալու, դպրոցի կառուցմանը հսկելու։ Փող են հավաքել դպրոցի համար, գրքեր է բերել և մի դրոշակ, որ մի քանի օր առաջ առանձին շքով գյուղին է նվիրել։ Բաքվի բանվորների վրա մեծ հույս ունեն։
Դպրոցի կառուցման աշխատանքը նրանց վզին է ընկած։