Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/29

Այս էջը հաստատված է

Գյուղը միայն աշխատավոր ձեռք է տալու, քար ու կիրն է բերելու։

Մի քանի հոգի գանգատվում են, որ թերթերը կանոնավոր չեն ստացել։ «Մաճկալը» երկամսյա թերթ է այդ գյուղի համար։ Վեց ամսում երեք համար են ստացել։

- Հենց միայն անունն ենք լսում, բայց իրան չենք տեսնում։

***

Նախագահը ժողովը բացում է։ Հավաքվել են, նստոտել գետնին, տաշած տախտակի վրա, պատուհանին։

- Էդ մահակները մի քիչ քաշ պահեք,— նկատում է նախագահը դռան մոտ կանգնած մի քանի հոգու, որոնց բարձր պահած մահակները ներս մտնողին խանգարում են։

Օրակարգում խնդիրներ շատ կան։ Արտել, հողային հարց, դաշտապահի ընտրություն և զանազան գործեր։

Նախագահն ինքն է խոսում արտել կազմելու մասին, պատմում է, թե ինչքան դժվար է աղքատ գյուղացու համար մենակ աշխատել։

Տասներկու տնտեսություն միացել են և մի գութան կազմել: Այդ գութանի հետ է կապված արտել կազմելու գաղափարը։

- Մենք պետք ա «արտելիա» կազմենք, որպեսզի մենք էլ մարդկության շարքերում դասակարգվենք,— վերջացնում է նա իր խոսքը։

Ոմանք դժվար են համոզվում: Մեկը, մահակին հենված, օրինակով ու առակով է իր միտքն ասում.

— Գութանում բոլոր եզները մին չեն. ղալբ եզ կա, որ հա ծրից դուրս ա քաշում, ծուլություն անում։ Նմանապես և «արտելիան»։ Եթե բարկանամ՝ արնակոլոլ անեմ, տերության առաջ մեղավոր եմ, չանեմ՝ ընկերս թամբալ ա, ինձ հետ չի գալիս, բա էդ ո՞նց անենք։

Շատ են խոսում, աշխատում են իրար համոզել։ Մի փոքրիկ խումբ է նկատվում, աչքաբաց ջահելներ, որոնք ինչ էլ լինի, որոշել են «արտելիան» հիմք դնել։

- Քյասիբը թող մեզ հետ գա, Մուքի ապեր։ Մենք ջոկովի տղերք ունենք, մինը մինից ասլան։