Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/293

Այս էջը սրբագրված է

ոչ հառաչել են։ Բայց մի փոքր երեխայինլաց կարող է նրանց հուզել։

Աթա ապերն այդ լեռնցի ծերունիներից էր, և երբ թափորը գյուղից դուրս եկավ, հանկարծ նրա սիրտը փլվեց, և ծերունին սկսեց ողբ ասել։ Լսե՞լ եք դուք լեռնցիների ողբը, ո՜չ այն ողբը, որ կանայք են ասում, շար ընկնելով պատի տակ կամ գերեզմանի շուրջը։ Նրանք բարակ ձայնով են երգում և ինչքան ողբան, այնքան բորբոքվում է սուգը ,և ոչ վերջ կա, ոչ հոգու հանգիստ։ Այդպես են ողբում լեռնցի կանայք, և լսելով նրանց, թվում է, թե մոլորվել եք մի անտակ ձորում և ուր էլ գնաք բարձր ժայռեր են և փրկության դուռ չկա։ Բայց այդպես չեն ողբում լե՜ռնցի տղամարդիկ և այդպիսի ողբ չասաց Աթա ապերը։ Նա սկսեց խոր ձայներից, հանդարտ, ինչպես հողմի առաջին ալիքը, որ անցնում է անտառի վրայով և արտերի վրայով, երբ ծփում են խոտերը, և լորը դեռ չդիտե. որ ահա ձագերի վրա կթափվի սև կարկուտ։ Աթա ապերը խոր սկսեց, ինչպես հորովելի սկիզբը, ապա բարձրացավ, կեռմաններով ալոր-մոլոր բարձրացավ, և ինչքան բարձրացավ, հզորացրեց ձայնը և վերջում, ինչպես սևակնած երկնքի որոտ, դղրդացրեց և արձագանքը դրնգալով գնաց մինչև Մեղրաքերծ, մինչև Զինգիլա քարերը գնաց, և յոթ անգամ Պղնձաքարը դրնգաց։

Այդ ողբ չէր, այլ ահարկու բողոք կապույտ երկնքին, բողոք, որին ձայնակցում էր ձմեռվա քնից զարթնող բնությունը և քարե արծիվը, որ երգի աղմուկից դուրս էր թռել,— քարե արծիվն իր թևերի վրա տանում էր մարդու բողոքը մահի դեմ։

Գեր եզմանատնից Աթա ապերը գնաց Խուռուփի ձորը, որտեղ արևաճաևատ ավազահողերն արևից տաքացել, և ձյունը հալչում էր։ Զորում մարդ չկար։ Տաք էր. Աթա ապերը գնաց ձյուների վրայով, սև ավազահողերով գնաց, կոխելով կածանը, որ տեղ֊տեղ բացվել էր և նստեց գետափի քարին։

Խատուտիկ ջրածտերը քարից-քար թռչելով որսում էին մժեղներ։ Մի ագռավ ձյունի վրա կտցահարում էր չորացած տանձը։ Հերվա մասուրները կարմրին էին տալիս, իսկ մոշի տերևները կարծես նոր էին կանաչել։