Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/294

Այս էջը սրբագրված է

— Փա՜ռք քեզ, որ ամեն բան կարգին սարքել ես, մինչև անգամ մժեղին էլ անտես չես արել...— Ո՞ւմ հետ էր խոսում Աթա ապերը՝ աստուծո՞, որ ապրում էր Խուռուփի ձորի արխաջում,— հին թթենո՞ւ հետ, որի փչակում գուցե ապրում է այն ոգին, որ Աթա ապոր նման սպիտակամորուս ծերունի է և տրեխներ է հագնում և մինչև անգամ արխալուղի գրպանում պղնձե բռնոթաման ունի։ Ո՞ւմ հետ էր խոսում Աթա ապերը,—ինքն էլ չգիտեր, բայց խոսում էր, որովհետև չէր կարելի գարնանամուտի արևին լինել Խուռուփի խաղաղ ձորում, լսել ջրի ձայնը, այն խորհրդավոր ձայները, որ հնչում են քարանձավներում,— տեսնել ձորը խոր լռության մեջ և չխոսել։

— Մա՞հ էիր բաժանում,— արժանի մարդու տայիր... Հրեն Գիչունց պառավը երկու տարի աղատ-պաղատում է հոգին առնես... Հապա դու կո՞ւյր էիր, քո ձեռքն ի՞նչպես բարձրացավ անմեղ փոքրերի վրա։ Հիմա ես ի՞նչ պատասխան տամ խալխին։ Առաջից սուր, ետևից սով. ձեռքդ պարանի ես քցում, օձ է դառնում։ Ու՞ր պիտի գնա էս ժողովուրդը, վերևից կամիսարն է մեր գլխին կրակ թափում, ներքևից էս կրակն է մեզ խորովում։ Ասա է՜, ասա...

Ջրածտերն ուրախ ճկում էին, խաղացնելով պոչը։ Ուրիշ ծառից թռավ մի ագռավ և առաջինից խլեց նրա ուտելիքր։ Ապա երկուսն էլ թևերին արած թռան ծառերի խորքը։ Եվ ուրիշ էլ ձայն չկար, բացի այն խորհրդավոր ձայները, որ գալիս էին Խուռուփի քարանձավներից։

Աթա ապերն սկսեց ձորով բարձրանալ։ ճորի արևկող լանջերին ձյուն չկար։ Երևում էին աշնանացան գարու արտերը, փոքր այնքան, որ թթենու ստվերը ծածկում էր արտը։

Աթա ապերը կանգնեց մի արտի եզրին։

— Երբ պիտի հասնես... Ախր մի տնից զույգ դագաղ հանեցինք...

Նա դուրս եկավ բլուրի գագաթը։ Վերևը դեռ թանձր ձյուն էր։ Աթա ապերը շրջվեց և այդպես էլ կանգնած մնաց, կարծես այն, ինչ նրա աչքին ընկավ, ծեքունին տեսնում էր առաջին անգամ։

Հեռվում գետահովտի վրա փռվել էր քաղաքը։ Թիթեղյա կտուրները մայրամուտի արևից փայլփլում էին, և այդ փայչը