Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/308

Այս էջը սրբագրված է

գնացի տուն։ Մեր բաղի պատն էլ էնպես թերի մնաց... Մինասի տղա Ստեփանի պատմածը ճշմարտանման է։ Նա խառնել է միայն ամսաթիվը, գնդակահարությունը եղել է ոչ թե մայիսի 4-ին, այլ 27-ին, ինչպես հայտնի է անում Զանգեզուրի զինված ուժերի հրամանատարության կից ռազմադաշտային դատարանի որոշումից և նրան կցված հետևյալ ակտից. «Սո ւյն որոշմամբ գնդակահարության դատապարտված 2-րդ վաշտի զինվորներ Ռուբեն Հայրիյանցի և Տիգրան Թոխունցի կոմունիստական քայքայիչ աշխատանքի համար և թուրք Օրուջի՝ Շոթանան գյուղից, լրտեսության համար,— վճիռն ի կատար է ածված 1920 թվի մայիսի 27-ին և նույն օրը դիակները հանձնված են հողին...»։ Մի տարի հետո, Սորանի ձորում, ճանապարհից դուրս ծլեցին մի թուփ ընկուզենիներ։ Մինասի տղա Ստեփանի ասելով կարծես հողի տակ մի բուռ ընկույզ էին թաղել... Զորով անցնող նախիրը տրորել էր այդ տունկերը և միայն երկու ընկուզենի դիմացել էին անասունների ավերածության։ Նրանք հիմա ահագին ծառեր են և ստվեր են գցում ճանապարհի վրա, և պատահում է, որ ճանապարհով անցնողը նստում է նրանցստվերում։ Այն ժամանակ Մինասի տղան ցանկապատի ետևից զրույցի է մտնում անցորդի հետ, հարցնում է ո՞վ է, ուր է գնում և եթե անցորդը չգիտե, թե ինչ ընկուզենիներ են, Մինասի տղան պատմում է, ինչպես հին զրույց. — Մեր գյուղում կար մի Աթա ապեր... ողորմի նրան։ Էն խառը տարին մի թուրք, անունը Օրուջ... Եվ նրա զրույցի հետ աղմկում են եղբայրության ընկուզենիները, ասես նրանք լրացնում են այն, որ չես պատմի ոչ մի լեզվով և չես գրի ոչ մի գրչով...