Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/316

Այս էջը սրբագրված է

— Խնդիր գրի, որ մեզ ընդունեն Կարմիր բանակում կամավոր։


 Ջահելների աչքերի մեջ կրակ ու եռանդ կա. հենց այստեղ դիմում եմ գրում. առնում են ու վազում դեպի զորանոց։ 


 Արևն արդեն նեղում է։ 


 Փողոցում անց ու դարձը պակասում է, մարդիկ ստվերոտ մի տեղ են փնտրում, որ մի քիչ շունչ առնեն, մինչև հովն ընկնի։ 


 Գործ. կոմ. շենքի առաջ նստոտել են մի քանի հոգի։ 


Ներս եմ մտնում։ Հենց միջանցքում գետնի վրա ծալապատիկ նստել է մեկը և գրում է։ Նրա կողքին նստել են մի քանի գյուղացի, որոնցից մեկը գրողին թելադրում է իրենց դիմումը։


 Միջանցքում անց ու դարձ են անում սպասողներ։ Այստեղ ամեն ինչ հասարակ է ու պարզ։ Փոքր է երկիրը, պաշտոնյաների թիվը քիչ, բոլորն էլ ճանաչում են իրար, հիմնարկները համարյա իրար կից։ Մի երկու ժամում կարելի է բոլոր հիմնարկներում լինել, տեսնել բոլորին, ուզած տեղեկությունն առնել ժող. կոմ. խորհրդի նախագահից մինչև հասարակ գործավարը։ Պաշտոնյաների մեծ մասը տեղացիներ են, որոնց հականե հանվանե ճանաչում են գյուղացիք։ Շատ անգամ հենց տեղն ու տեղը որոշում է կատարվում և խնդրին՝ սպառողական լուծում տրվում։ 


 Տալիս են ինձ թվական տվյալներ գավառի դրության մասին։ Ամեն տեղ շինարար աշխատանք, դպրոցներ են բացվել, խրճիթ-ընթերցարան, ճանապարհներ են նորոգվում, կազմակերպվել է գյուղատնտեսական վարկի գործը, կոպերացիան դանդաղ, բայց աջող գրավում է գյուղական շուկան և դուրս վռնդում չարչուն ու վաշխառուին։ Այս տարի բամբակը ցանվել է որոշվածից ավելի։ 


 — Եթե ժամանակին վարկ ստանայինք, մեկին երկու ավել կքանեինք, որովհետև անցյալ տարի գյուղացիք տեսան բամբակի օգուտը,— ասում են ինձ։ 


 Հատուկ ուշադրություն է դարձված բժշկա-սանիտարական գործին։ Մի քանի կարևոր կենտրոններում մտցված են բժշկական կայաններ։ Գյուղացիք իրենք ընդառաջ ևն գնում։