ԳԱՎԱՌԱԿԱՆ ՆԱՄԱԿԱՆԻ (Ա)
Գորիս (Զանգեզուր), 18 դեկտ.
1
Մեր քաղաքը գրպանի քարտեզի վրա ամենևին մի փնտրեք, փոքր է, չեն նիշել, թեկուզ որպես միջակետ։ Եթե հիշատակում են խոշոր ավանները, մեր քաղաքն էլ նրանց կարգում են դասում և նշանակում։ Խորհրդային Միության մեջ հազարներով են մեր քաղաքի չափ բնակավայրեր, որոնք չունեն գործարանի և ոչ մի ծխնելույզ, ոչ մի անգամ սուլիչի ձայն չեն լսել, խոտով պատած և աղբոտ փողոցներով երբեք օթո չի անցել.քաղաքի մի ծայրից կարելի է մեկին մյուս ծայրից բարձրաձայն կանչել, և նա կգա, ճաշիդ կհասնի։
Մեծ քաղաքում կզարմանան, եթե մի օր երկաթուղի չլինի. մեր քաղաքն ուրախ է, եթե շաբաթը մի անգամ փոստ է գալիս։ Այդ լուրը բերնե բերան տարածվում է. փոստը գալուց մի օր առաջ են իմանում, որ արդեն այսինչ գյուղից ճանապարհվել է։ Ցրիչ չկա.նամակդ ինքդ գնա ստացիր.մտիր փոստ և վարիչին ընկերաբար ասա, որպես մոտ ծանոթի ՝
— Օհա՛ն, ես նամակ չունե՞մ.
Եթե դու չունենաս ոչինչ, գոնե կիմանաս, թե քաղաքում ուրիշ էլ ով նամակ կամ լրագիր ստացավ.հարցրու Օհանից, նա անգիր գիտե։
Մեր քաղաքը միայն մի ժամագործ ունի,որ ազատ ժամերին կոշիկ է կարկատում, պարապ չմնալու համար։