Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/329

Այս էջը սրբագրված է

քվեարկությունն ավելորդ է արդեն։

Աոաջին անգամ ես այդտեղ տեսա կնոջ` գյուղի համայնական ժողովի նախագահ։ Ի՞նչ ծածկեմ, առաջին պահ տարակուսանք ունեի և թեթև կասկած ժողովի աջողության մասին։Բայց ժողովից հետո ես ինձ հանդիմանում էի կասկածիս համար։ 
Հետո գյուղացիք ինձ շատ բան պատմեցին ընկերոջ մասին։ Նա դպրոցի միակ ուսուցիչն է, ակտիվ մասնակցություն ունի գյուղի անց ու դարձին, կոպերատիվին ու նոր դպրոցի շինության։ Աշխատում է գյուղում կազմակերպել լիկկայան, որի միակ դասատուն ինքն է լինելու։ Գյուղացիք պատմում էին, որ ընկ. Արուսյակը ոչ միայն պարապում է դպրոցի երեխաների հետ, այլև հոգս է տանում նրանց աոողջապահաթյան, դեղ է ձեռք բերում չքավոր աշակերտության համար: Դեպք է եղել, երբ ինքն է դեղ պատրաստել աշակերտների մեջ տարածված «քոսի» դեմ։
— Առավոտից մինչև արևամուտ դաս է տալիս. բա նրա գլուխը չի՞ ցավում էդքան աշխատանքից...
Հիշեցի մի հին պատմություն՝ «Խորհրդավոր միանձնուհի», բայց ընկեր Արուսյակը «Միանձնուհի» չէ, այլ մի անխոնջ մշակ, որի կարևոր աշխատանքն արժանի է հիշատակման ու խրախուսանքի։ 
Եվ ամեն անգամ, երբ մտաբերում եմ Բռունը՝ բլուրի արևկող լանջին, սիրտս անկեղծ ուրախությամբ է լեցվում, որ մենք այսօր համեստ աշխատավորուհիներ ունենք, ցրված մեր հեռավոր գյուղերում, որոնք մի-մի քլունգ առած անդադար փորում են հիմքերը գյուղական խավարի։ 
Մեծ քաղաքներում պոետներ շատ կան, որոնք հորինում են «Երկաթե երգեր», գրում «Վուլկան» ու «Տիտան», մի խոսքով մի ամբողջ «Հրաբխոպոեզիա»։ Իսկ ո՞վ է գրել այն մասին, որ Հերիքնազը այժմ դելեգատկա է, նա, որ երկու տարի առաջ չգիտեր ոչ գրել, ոչ կարդալ ու մինչ այդ իր օրում գըրքի երես չէր տեսել։