Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/356

Այս էջը սրբագրված է

ՍԱՐԱԼՈւ



Գյազբելը Զանգեզուրի բարձր սարերից մեկն է։ Ամռան շոգին, երբ ներքև՝ ձորում արևն անխիղճ խանձում է, ու արտերը դեղեին են տալիս. Գյազբելի գագաթին ու լանջերին տեղ-տեղ դեռ ձյուն կա, ու կանաչ մարգերում՝ գույնզգույն ծաղիկների գորգեր։ 
Սարի լանջին, մի քիչ փոս ընկած տեղերում, օբաներ են, սրանից սար բարձրացած քոչվորների վրանները՝ խմբերով կամ հատ-հատ, սառնորակ աղբյուրի մոտ, կանաչի վրա։  
Սարալուի յուրդերն են։
 — Գյազբելին ղուրբան, մենք հո առանց նրան կկոտորվենք,— ասում էր մի չոբան ու պատմում, թե «դաշնակլար»-ը երբ փակել էր ճանապարհները ու էլ սար չէին բարձրանում, ամռան շոգին ժողովուրդը կոտորվում էր, ոչխարը սատկոտում։ Օձն ու կարիճը մի կողմից, արանի մոծակը մյուս կողմից հանգիստ չէին տալիս։ 
Սաըալուն— քրդեր են, մի ամբողջ համայնք, նահապետական վարք ու բարքով, «պատվավոր» խաշնարած։ Մի քանի գյուղեր են՝ Քյուրդստանի հարավային մասից։ Գարունը բացվելու հետ քոչի ծայրը բացվում է։ Չորս օր ու գիշեր գալիս են անվերջ ու Գյազբելին հասնում, սառնորակ աղբյուրներից մի կուշտ խմում։
Առաջին օրերը ջերմն անպակաս է լինում։ Կլիմայի զգալի փոփոխումը իրենն անում է։ Բայց հետո վարժվում են սարի օդին։
Մի ուրույն կյանք կա յուրդերում, դարերով ստեղծված վարք ու բարք, որ ասես մազաչափ անգամ չի փոխվել։