Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/357

Այս էջը սրբագրված է

Ահա չոբանը, թաղիքի յափունջին ուսերին, մի ահագին, գլուխը երկաթապատ մահակ ձեռքին, կանգնել է երկու մեծ քարերի միջև և ոչխարն է համարում։

Ուզում եմ մոտենալ, արգելում են։ Չոբանը թույլ չի տալիս, որ ուրիշ մի օքմին «աղայի» ոչխարներին մոտենա։
— Եթե դագանակով չտա, շներին կարող է «քըս» տալ,— ասում են։ 
Ոչխարը սուրուներով է, գալիս են և մեկ-մեկ անցնում երկու քարի արանքով, իսկ չոբանը մահակի ծայրով անցնող ոչխարների մեջքին է խփում և ինչ-որ մի բան ասում։ 
— Չի համրում, նա մինչև հարյուրը դժվար թե կարողանա ուղիղ հաշվել,— ասում են ինձ։
Նշաններով է համարում։ Ամեն մի ոչխար մի նշան ունի՝ մեկի դմակը կախ է, մյուսի ականջն է կտրած, երրորդի գլխին սպիտակ նշան կա և այլն։ Ու ամբողջ հոտը նա այդ նշաններով ստուգում է և իմանում, թե ճակատը դամղած ոչխարը չկա։ 
Համրանքի մի հին ձև է, գուցե ավելի հին, քան փայտի վրա խաչեր քաշելը։ Եվ ինչ հիշողություն ու վարժություն է պետք, որ հինգ հարյուր ոչխարի միջից մեկը պակասելու դեպքում իմանա։ 
Չոբան կա, որ տարիներով գյուղի երես չի տեսնում։ 
Ամառը սարերում, ձմեռը հարավի տաք հովիտներում։ Ինձ մի հովիվ ցույց տվին,— աժդահա մի տղամարդ,— որ քսան տարուց ավել է տաք կերակուր չէր կերել։ 
Նրանք միս եփելու մի առանձին ձև ունեն։ Ոչխարը մորթում են, մաշկում, միսն ու դմակը խանչալով մանրացնում, լցնում նույն մորթու մեջ և թաղում հողի տակ։ Հողով ծածկելուց հետո վրան կրակ են անում, աթար դարսում և իրենք հեռանում։
Երկու օրից հետո վերադառնում են և հողի տակ թաղած մորթին հանում, եփած միսն ուտում։ 
Անչափ հավատարիմ են։ Իրենց հոտն ապահով պահելու համար ամեն ինչ կանեն։ 
«Աղան» էլ օգտագործում է նրանց։ Ամբողջ տարին չո-