Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/358

Այս էջը սրբագրված է

բանը ոչխարի հետ է լինում` անձրևի, կարկուտի տակ թրջվում, այրվում և դրա փոխարեն տարվա վերջում ստանում մի երկու ոչխար:

***

Վրաններն ենք վերադառնում։ Իրար ձեն են տալիս, թե քաղաքից մարդ է եկել։ Ու գալիս են սարի գագաթից, ձորերից լանջերից, մոթալ փափախներով, թխադեմ, բարձրախոս և խանչալից անբաժան սարալուեցիք։

Մեկը հողի պակասությունից է գանգատվում, մյուսը թե՝ ոչխարը սատկոտում է, երրորդը տուրքերի մասին է հարցնում։

Վեճեր միշտ էլ լինում են. երբեմն բանը հասնում է դագանակի կամ խանչալի։ Եվ ախսախկալն է, որ դատ է անում, մի կողմին համոզում, երկրորդ կողմին հանդիմանում, մի կերպ հաշտեցնում։

Չեն ուզում, որ բանը հասնի դատարանին։ Այդ նախ՝ ծախսի հետ է կապված, հետո՝ հնամյա ադաթը ոտնակոխ անել է նշանակում։

— Ջանըմ, հիմա լավ է, ամեն բան հեշտացել է,— ասում է հինայած մորուքով մի ծերունի, որի հանդեպ մյուսները մի խորին պատկառանք են տածում։

Ու սկսվում է «շուրա հուքումաթի» գովասանքը։ Իհարկե, այժմ լավ է, բայց հնից մնացած շողոքորթ ձևերը ոսկրացել են։ Բեկն ու պրիստավը նրանց սովորեցրել են մանվածապատ դարձվածքներ, երկմիտ խոսքեր, ակնարկներ, զգույշ և առատ գովասանք, շարբաթած անուշ խոսքերով։

Եվ այդ ալևորը պատմում է հին մի դեպք, թե ինչպես հարևանը կացնով տալիս է ու նրա գոմեշի պոչը կտրում։

Երկու տարի գործը դատարանում քաշքշում են, գնում է գալիս, մի գոմշի գին էլ կաշաոք տալիս։

Վերջը դատ են անում։

— է, «փադիշահի» օրենք, դատավորը ռուս, ես էլ մի անլեզու հայվան։ Մի Ալիշ թեյ կար, մեր Սարալուի բեկերից։ Էն էլ դիլբանջ էր (թարգման)։ Դատավորը խոսեց, ասեց, Ալիշ բեյի վրա «չորտ-չորտ» արեց ու վեր կացավ գնաց։

Հիմա Ալիշ բեյը ոնց է կարմրել։

Հարցնում եմ նրան, թե բանն ինչումն է։ Ալիշ բեյը թէ՝